Մահախոսական` մահացել է Օլիկ Գարխյանը

Այսօր առավոտյան կյանքից վաղաժամ հեռացավ բոլորի կողմից սիրված ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, ՀՀ պատվավոր քաղաքացի Օլիկ Գարխյանը: Հետխորհրդային տարիներից սկսած՝ նա հայրենանվեր գործունեություն է ծավալել բետոնապատման, գերեզմանաշինության, սավունաշինության, մոթելաշինության և բուծիկապատման, հանքակերության և դոլարաբուծության ոլորտներում, արժանացել է նախագահական մի շարք պատվոգրերի, մեդալների:

Այս առավոտ Օլիկ Գարխյանի դին հայտնաբերվել է նրա աշխատավայրին կից էլիտար մոթելի պետքարանում: Նախագահի նստավայրում գումարվել է արտահերթ նիստ Օլիկ Գարխյանի ընկերների և հարազատների մասնակցությամբ քննարկելու նշված պետքարանը երջանկահիշատակ Օլիկ Գարխյանի անունով կոչելու առաջարկը:

Որոշվել է Օլիկ Գարխյանի մարմինը հողին հանձնել Մաշտոցի պուրակում, սիրտը տեղափոխել Ջերմուկ, իսկ ձախ թոքը՝ Թեղուտի անտառների տարածք: Այն հարցին, թե ինչու նաև Թեղուտ և Ջերմուկ, տիկին Գարխյանը պատասխանեց. «Խեղճ մարդուս մուրազը փորը մնաց, չկարացավ մարսի»:

Դիահերձումից պարզվել է, որ Օլիկ Գարխյանի վախճանը վրա է հասել պինդ փորկապության վիճակում շնչահեղձության առիթմիկ հևոցներին հաջորդած հաստաղիքի խոշոր թութքային ելուստի ճողվածքի հետևանքով: Նրա կերակրափողում հայտնաբերվել է դոլարի մեջ փաթաթած չալաղաջի միս, իսկ հաստաղիքում՝ թանկարժեք հանքաքարերից և ուրանի փոշուց պատրաստված անհայտ տեսակի սնունդ:

Օլիկ Գարխյանի հուղարկավորությունը հավուր պատշաճի և էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիկ Գարխյանի ընտանեկական բյուջեի խիստ սղության պատճառով նրա ընտանիքի անդամները ցանկություն են հայտնել, որ հոգեհանգիստը և հուղարկավորությունը կազմակերպվեն միևնույն օրը: Օլիկ Գարխյանի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում կիրակի օրը՝ ամսի 22-ին, ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական հոգեհանգիստը, ապա ժամը 13:00-ին տեղի կունենա թաղման թափորի երթ՝ քաղաքի կենտրոնական փողոցներով (որտեղ, իր ասելով, ծնվել և մեծացել էր երջանկահիշատակ Օլիկ Գարխյանը): 14:00-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա հուղարկավորության արարողությունը: Հարազատների հավաստմամբ՝ հանգուցյալի վերջին շրջանում հնչեցրած ցանկությունը հենց Մաշտոցի պուրակի հանրային տարածքում հայրենանվեր բիզնես օբյեկտներ հիմնելն էր, որը մեծապես կնպաստեր մեր երկրի պետականաշինության և տնտեսության ամրապնդման գործընթացներին: Այս արժեքավոր գաղափարի համար Օլիկ Գարխյանը հետմահու արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

«Այս զգալի կորստով մենք, ցավոք, կորցրեցինք նաև մի շարք կարևորագույն արժեքներ՝ տգիտություն, անպատժելիություն, անօրինականություն, հակասահմանադրականություն, կոռուպցիա, կաշառակերություն, անճաշակություն և ստախոսություն, որոնք Օլիկի երդվյալ ընկերների ու համակիրների սկզբունքներն են եղել», – նշեցին Օլիկ Գարխյանի ընկերները:

20.04.2012թ

ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ

Leave a Comment