ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Ս.Սարգսյանը Վայոց ձորի բնակիչներին գրավիչ Հայաստան է խոստացել

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը  ապրիլի 18-ին  Վայոց Ձորի մարզում հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Ջերմուկ քաղաքի  բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը նշեց, որ Ջերմուկը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում և վստահեցրեց, որ  հանրապետական կուսակցության հետագա աշխատանքի շնորհիվ 5 տարիների ընթացքում այն դառնալու  է առողջապահական և զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը: ”Մենք ունենք հստակ ծրագրեր և պատկերացում, այդ պատճառով էլ կոչ ենք անում պատասխանատվությունը վստահել մեզ: Մեր պատկերացրած Հայաստանը գրավիչ Հայաստանն է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև գործարարների և դրսի ներդրողների համար: ՀՀԿ առաջնորդի խոսքերով` գալիք տարիներն ավելի արդյունավետ և նպաստավոր կլինեն. կբացվեն աշխատատեղեր և ակնհայտ փոփոխություններ կնկատվեն տնտեսուության, առողջապահության, կրթության ոլորտներում:

“Հայաստանը գրավիչ կդառնա այն հայերի համար, ովքեր օտար երկրներում են աշխատանք փնտրել: Գնացածներին հետ է բերելու գրավիչ Հայաստանը, որը տալու է ոչ միայն գործ, այլև երաշխավորված ու որակյալ կրթություն, և վերջապես նրանց վերադարձնելու է իրենց հարազատների հետ միասին ապրելու բերկրանքը: Սփյուռքահայը հպարտանալու է ոչ միայն իր արմատներով ու պատմությամբ, այլև ներկա Հայաստանի ձեռքբերումներով: Նա այստեղ` Հայաստանում է տեսնելու իր զավակների` հայ մնալու միջնաբերդը եվ գրավիչ Հայաստանը աշխարհի համար: Սա արդեն արտաքին քաղաքական հարց է, բայց դա արդեն սկսվում է ներսից: Երկրի արտաքին կերպարը փոխվում է ներքին նկարագրի հետ”,- ասաց երկրի ղեկավարը` կոչ անելով ջերմուկցիներին բարձր մակարդակով մասնակցել մայիսի 6-ի ընտրություններին, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար: Ելույթի ավարտից հետո նախագահին մոտեցան Ջերմուկ համայքի մի շարք բնակիչներ` իրենց խնդիրներով կիսվելու և երկիրը կայուն տեմպով զարգացնելու համար շնորհակալական խոսք հղելու: Հնչեցին բնակչությանը հուզող մի շարք մտահոգիչ հարցեր, որոնց տրվեց հակիրճ պատասխան: Ոգեշնչված վայոցձորյան բնությամբ` նախագահն իր ելույթում նշեց. “Ոչ միայն Ջերմուկը, այլև Վայոց Ձորի մարզը փայլում են բացառիկ ժառանգությամբ, գրավում  այցելուներին: Հիշենք Մոմիկին, որը մեծ ավանդ ուներ մանրանկարչության զարգացման մեջ: Նա Արենիում փոխել է  բնապատկերներ` նոր իմաստ ու շունչ տվել դրանց: Ահա թե ինչու ենք ասում` հավատանք, որ փոխենք…”: Նախագահը ծանոթացավ նաև նոր առողջարանային համալիրի   շինարարական աշխատանքների ընթացքին: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառույցը ֆունդամենտալ նշանակություն ունի Ջերմուկի համար, որովհետև հիմնական առողջարանային կենտրոնները կառուցվել էին դեռ խորհրդային տարիներին: “Հայաթ” ընկերության կողմից իրականացվող ՍՊԱ կենտրոնի կառուցման աշխատանքներն սկսել են 2009թ-ի ապրիլին և կավարտվեն 2012թ-ի հոկտեմբերին: Ջերմուկից հետո ՀՀԿ առաջնորդը հանդիպումներ ունեցավ Վայք և Եղեգնաձոր քաղաքներում:

Leave a Comment