«Թեղուտի պաշտպանության» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՍԴ նախագահին

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը բաց նամակով դիմել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որտեղ առաջարկում են ՍԴ շրջանակներում քննարկում կազմակերպել բնապահպանական հնչեղ խնդիրների վերաբերյալ:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Դեռեւս փետրվար ամսին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպություննները Ձեզ դիմում էին ներկայացրել` խնդրելով սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ստացած որոշ հիմնախնդիրների վերաբերյալ: Նշենք նաեւ, որ այդ խնդիրներն ուղղակիորեն առնչվում են սահմանադրական դատարանի գործունեության, իշխանության բոլոր երեք ճյուղերի կողմից սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ իրականացման հիմնախնդիրներին:

Ուղարկված դիմումում վեր են հանվել Սահմանադրական դատարանի գործունեության հետ անմիջականորեն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, որոնք իրավակիրառական պրակտիկայում երկակի են մեկնաբանվում: Հետեւապես, միջազգային պայմանագրերի դրույթները ճիշտ ընկալելու եւ միանշանակ մեկնաբանելու համար սահմանադրական դատարանը պետք է ձեռնարկի իրավիճակից թելադրվող քայլեր: Խոսքը, ի թիվս այլոց, վերաբերում է ՍԴՈ-269 որոշմամբ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում (հետայսու` Օրհուսի կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաեւ ՍԴՈ-906 որոշմամբ “actio popularis” ինստիտուտի կիրառման վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը:

Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ սահմանադրական դատարանը կարեւոր հաստատություն է երկրում ժողովրդավարության, սահմանադրականության եւ իրավունքի գերակայության ձեւավորման ու ամրապնդման համար: Միեւնույն ժամանակ, սակայն, Ձեզ հորդորում ենք պատվախնդիր կեցվածք դրսեւորել սահմանադրական դատարանի որոշումներն իրապես կյանքի կոչելու` Դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը պահպանելու համար, այլապես սահմանադրական արդարադատության ինստիտուտը դառնում է առարկայազուրկ, ձեւական եզրույթ:

Բազմաթիվ են օրինակները, երբ դատական պրակտիկայում սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանվում են կամայականորեն` արժեզրկելով Դատարանի դերը եւ իմաստազրկելով Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Այսպիսի պայմաններում սահմանադրական դատարանի գործունեությունը դառնում է խիստ անարդյունավետ, իսկ դատական համակարգի բարձրագույն ատյանների` վճռաբեկ եւ սահմանադրական դատարանների անահամաձայնեցված գործողությունները ստեղծում են զավեշտալի իրավիճակ` անլրջացնելով արդարադատության ամբողջ համակարգը եւ հանգեցնելով ինչպես իրավակարգի, այնպես էլ ազգային անվտանգության լուրջ խնդիրների:

Մենք ըմբռնումով ենք մոտենում այն հարցին, որ սահմանադրական դատարանը չունի իր որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու` օրենքով սահմանված լիազորություն, սակայն Դատարանը միշտ կարող է հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը մեկնաբանել հանրային քննարկումների, գիտաժողովների միջոցով: Այդպիսի մեկնաբանությունները գուցե եւ չունեն պարտադիր իրավական ուժ, սակայն էապես կարող են նպաստել կոնկրետ խնդիրների շուրջ փաստարկման բազա ձեւավորելու, Դատարանի իրավական դիրքորոշումը ներպետական եւ միջազգային կառույցների առջեւ բարձրացնելու համար, ինչն, անկասկած, մեծ ազդեցություն կունենա հիմնախնդրի լուծման, ինչպես նաեւ իրավունքի գերակայության դոկտրինի գործնականում ձեւավորման եւ կայացման համար:

Սահմանադրական դատարանի գործունեության եւ դերի նկատմամբ հասարակության ընդգծված հետաքրքրության պայմաններում անհասկանալի է, թե ինչու սահմանադրական դատարանի նախագահը մինչ օրս չի արձագանքում մեր շատ կոնկրետ առաջարկներին` էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող հիմնահարցերի շուրջ քննարկում ծավալելու, այդ առնչությամբ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների պարզաբանման նպատակով: Այդպիսի քննարկումը հենց սահմանադրական դատարանի համար հանդիսանում է մի պատեհություն հանրությանը ներկայացնելու իր ծանրակշիռ դերը եւ գործուն շահագրգռվածությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, սահմանադրականության հաստատման գործում եւ հավաստել, որ Դատարանն իսկապես ինքնուրույն եւ պետության համար անհրաժեշտ հաստատություն է եւ ոչ թե օրենսդիր, գործադիր մարմինների եւ դատական ատյանների անօրինական գործողությունները լեգիտիմացնող ձեւական կառույց:

Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի արձագանքը ներկայացված դիմումի վերաբերյալ, այլապես հասարակությունը ստիպված է լինելու արձանագրել Սահմանադրությամբ նախատեսված հերթական մարմնի` սահմանադրական դատարանի, դեկլարատիվ լինելու փաստը, որի որոշումները չունեն բովանդակային իրավական արժեք իսկ արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավաբանական ուժ»:

Leave a Comment