Բնապահպանները գտել են մեր երկրի փրկության ճանապարհը

Ապրիլի 14-ին Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը վերաբերող հերթական միջազգային սեմինարի շրջանակներում Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամի ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ հանդիպում ունեցան Օրհուս կենտրոնների համակարգողների և Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամների հետ: Հանդիպման նպատակը հաջորդ օրերին  Ծաղկաձորում անցկացվելիք սեմինարի ուղղություններն ու քննարկվելիք թեմաները հստակեցնելն էր:

Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Ն. Զառոբյանը, որպես սեմինարին քննարկվելիք հարց, կարևորեց կառավարության կողմից հանքարդյունաբերությանը տրվող առաջնահերթությունը, երբ էկոլոգիական պահանջները գրեթե հավասարեցվել են զրոյի՝ ոլորտը չափազանց գրավիչ դարձնելով ներդրողների համար:  Շարունակելով թեման՝ Գ. Սուխուդյանը նշեց, որ մի փոքրիկ Հայաստանի համար հանքերի շահագործման 522 արտոնագիրը չափազանց մեծ թիվ է. “Անվերադարձ վերանում են ալպիական մարգագետինները,  վտանգված է ջրագրական ցանցը, ծանր մետաղներն արդեն թափանցել են սննդային շղթայի մեջ”: Մինչդեռ, նրա կարծիքով,  Հայաստանում կան բոլոր նախապայմանները ոչ պակաս շահավետ ուղղության՝ մաքուր էկոլոգիական տուրիզմի զարգացման համար:

Օրհուս կենտրոնների համակարգողները հանքարդյունաբերությունից զատ մատնանշեցին նաև կանաչ տարածնքների, թափոնների կառավարման, այլընտրանքային էներգիայի  աղբյուրների օգտագործման ընդլայնման, քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցերը:

Ապրիլի 15-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցած միջազգային սեմինարի շրջանակներում քննարկվեցին երեք արդիական թեմաներ: Հանրության կազմակերպման խնդրի  լուծումը համապատասխան աշխատանքային խմբի անդամները տեսնում են ժողովրդին ոգևորող վառ օրինակների կիրառմամբ, համատեղ գործողությունների իրականացմամբ և ՀՀ Բնապահպանության նախարարությանը  կից ստվերային կամ այլընտրանքային ասոցիացիայի ստեղծմամբ: Բնական ռեսուրսների կայուն օգտագործման թեման արծարծողներն առաջարկեցին  որպես ազգային առաջնահերթություն սահմանել  էկոտուրիզմը, ստեղծել էկոլոգիական պետություն և ամրագրել դա Սահմանադրության մեջ, ինչպես Չեռնոգորիան է արել: Երրորդ, աշխատանքային խմբի անդամներն առաջարկեցին  փոփոխություններ կատարել արդյունաբերության դաշտում` հետազոտել հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունը  մարդու և շրջակա միջավայրի վրա և արդյունքները ներկայացնել հանրությանը, մշակել բնապահպանական վնասի հաշվարկի մեթոդաբանություն,  լուրջ փոփոխություններ կատարել Օրենսդրական  դաշտում,  ապահովել այս գործընթացների հասարակական վերահսկողությունը և  մասնակցությունը, բարձրացնել ՀՀ-ին և բնակչությանը չվնասող էկոլոգիական և ֆինանսական պահանջները, բարելավել տնտեսական միջավայրը, կարգավորել դատական համակարգը:

ԻԿՈՄՈՍ-ի փոխնախագահ  Գ. Սուխուդյանը  կարծիք հայտնեց,  որ  նույնիսկ ուշացել ենք  բնապահպանական ազգային ասոցիացիայի ստեղծման հարցում, որի  միջոցով ավելի հեշտ կլիներ  խնդիրների  լուծման կազմակերպումը: Նա կարևորեց նաև հզոր լաբորատորիայի և անկախ փորձագետների առկայությունը: “Էներպոլ Քնսալթինգ” ընկերության ներկայացուցիչ, մասնագիտությամբ քաղաքագետ Քարստեն Ֆոնոհը խոստացավ  կապ հաստատել գերմանական ասոցիացիաների հետ և ներկայացնել  ասոցիացիայի ստեղծման  հետ կապված բոլոր մանրամասները: Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամի խորհրդական Կ. Աղաջանյանը հավանություն տվեց ասոցիացիա ստեղծելու գաղափարին՝ համոզված լիելով, որ եվրոպական կառույցները կաջակցեն նմանատիպ ասոցիացիայի ստեղծմանը: Որպես ամփոփում նշվեց, որ մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Leave a Comment