Բաց նամակ Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին

Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի
ղեկավար տիկին Սիլվիա Զեհեին
հասցե` ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1

Բաց նամակ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Մեծարգո տիկին Զեհե,
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացման, պետության միջազգային պարտաորությունների պատշաճ եւ լիարժեք իրականացման համար: Եվրոպայի խորհուրդը Եվրոպական միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրման է ենթակա նաեւ հանրային սեփականության եւ հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու` հասարակության անդամների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքի իրականացումը:

Մենք ի գիտություն ենք ընդունում 1677 բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված կոչը` պրակտիկայում հարգելու հավաքների ազատության սկզբունքը, ի կատար ածելու հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության պահանջները եւ իրականացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից համատեղորեն իրականացվող ծրագրի արդյունքում ներկայացվող հանձնարարականները:

Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:

Հարգելի տիկին Զեհե,
ակնկալում ենք Ձեր առավել հետեւողականությունը Հայաստանում ԵԽ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետության գործում` ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ԵԽ մանդատի ու առաքելության արդյունավետ կենսագործումը:

Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]

Հարգանքով`

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

02.04.2012թ.
Լուսանկարը վերցված է www.coe.am կայքից

Leave a Comment