Բաց նամակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար
պարոն Տրայան Հրիսթեային
հասցե` ք. Երեւան, Ֆրիկի 21

Բաց նամակ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Մեծարգո պարոն Հրիսթեա,
Եվրոպական միությունը արժեքավոր գործունեություն է իրականացնում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման եւ ամրապնդման, խաղաղ հավաքների ազատության, միջմարդկային հարաբերությունների զարգացման, տնտեսության եւ շրջակա միջավայրի բարելավման համար: Պատվիրակության հիմնական նպատակն է շարունակել սերտ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:

Չնայած Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով մեծ է նաեւ անդրսահմանային վնասակար ազդեցության ռիսկը` անդրսահմանային ազդեցության փորձաքննություն չի իրականացվել: Հայաստանը վավերացրել է անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին կոնվենցիային կից շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը, սակայն որեւէ գործնական քայլ չի իրականացվել կոնվենցիան կենսագործելու ուղղությամբ ոչ օրենսդրական, եւ ոչ էլ վարչարարության տիրույթներում:

Մեծարգո պարոն Հրիսթեա,
ակնկալում ենք Ձեր գործուն մասնակցությունը Հայաստանում ԵՄ-ի մանդատից բխող առաքելության իրականացման համար` նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական հասարակության կայուն ինստիտուտների ձեւավորմանն ու ամրապնդմանը, ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ:

Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]

Հարգանքով`

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

02.04.2012թ.
Լուսանկարը վերցված է www.mediainform.am կայքից

Leave a Comment