Տապալված հանրային լսումներ

Բնապահպան ակտիվիստներն այսօր` մարտի 23-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վանաձորում, որտեղ «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպվել վարչապետի որոշման հիման վրա: Բնապահպանները համարում են, որ այդ «հանրային քննարկումները» իմիտացիոն բնույթ են կրում:



 

Հիսունից ավելի քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել են Վանաձորի մշակույթի տան դիմաց` իրենց բողոքն արտահայտելու խնդրի առնչությամբ:

Ակտիվիստներից Արփինե Գալֆայանի խոսքով` իրենք ամեն կերպ փորձել են պարզել, թե ինչ են ակնկալում կազմակերպիչներն իրենց նախաձեռնության անդամներից, սակայն իրենց ջանքերն ապարդյուն են եղել.

«Կանչել են 90 հոգի մասնակիցների, ընդամենը երկու ժամ քննարկում է

 

նախատեսված եւ պարզ չի ծրագիրը, անհասկանալի է, թե այս քննարկումը ինչքանով է ազդելու Կառավարության որոշման վրա, քանի որ Թեղուտի ծրագիրն ինքնին անօրինական է, դա նաեւ ՄԱԿ-ի Օրհուսի կոմիտեն է հաստատել: Մենք պատրաստ ենք քննարկելու միայն Թեղուտի շահագործման օրինակության կամ անօրինականության հարցը, ինչպես նաեւ այնպիսի ֆորմատներով քննարկում կազմակերպել, որը հստակ ազդելու է Կառավարության որոշման վրա»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օրից` մարտի 27-31-ը Ժնեւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննվելու է Թեղուտի գործով Հայաստանին ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ակտիվիստների կարծիքով` այս «հանրային»  քննարկումների միջոցով ՀՀ Կառավարությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր ջանք է գործադրում` ապահովելու Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները.

«Մեր համոզմամբ` նրանք մեկ շաբաթ հետո Ժնեւում կայանալիք Օրհուսի կոմիտեի նիստի համար «պծիչկա» դնելու միջոցառում են անում, իբր տեսեք` Թեղուտի հարցում մենք մտահոգված ենք, ինչ-որ հանձնաժողով ենք ստեղծում: Բայց, ըստ էության, երբ հարցեր ենք տալիս, թե հանձնաժողովը ինչ նպատակներ է հետապնդում, պատասխանը շատ անորոշ է եւ կցկտուր. «մենք չգիտենք», «ընթացս» «կտեսնենք ընդեղ տեղում» եւ այլն»,- նշել է նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանը:

Ակցիան քննարկումներին զուգընթաց շարունակվել է նաեւ շենքի ներսում, այն անցել է թեժ մթնոլորտում:

Leave a Comment