Ջերմուկի հասարակությունը դեմ է հանքի շահագործմանը

Հուսիկ Ղամբարյան՝ «Ջերմուկ գրուպ». «Մենք կարճ ժամանակահատվածում մտել ենք համաշխարհային շուկա: Որևէ մի տեկտոնական շարժում, որ լինում է, ջրի ոչ միայն որակական տեսակն է փոխվում, այլ նաև քանակն է ընկնում: Կարող է պատահի՝ այդ շարժումների ժամանակ այդ ջուրը, փաստորեն, չհոսի, կտրվի»:

Ստեփան Ավագյան՝ «Ջերմուկ աշխարհի» գլխավոր բժիշկ. «Ես լսել էի մինչ այդ, որ Ջերմուկի տարածաշրջանում կա ոսկու հանքավայր, որը մեծ շահույթներ կբերի: Բայց ո՞ւմ ենք թողնելու մեր առողջարանային Ջերմուկ քաղաքը: Ոսկու հանքի տերերի՞ն: Ես կատեգորիկ դեմ եմ՝ որպես բժիշկ, ինձ ասեք՝ ես ինչ պիտի անեմ: Ջերմուկը ստեղծվեց երկու կարևորագույն հիմնասյուների վրա՝ հանքային ջրի արտադրություն, առողջարանային բուժում»:

Հակոբ Հակոբյան՝ «Մոր և մանկան» առողջարանի գլխավոր բժիշկ. «Միշտ հարց են տալիս՝ ինչի՞ համար գանք Ջերմուկ: Ջերմուկում դուք կարող եք տեսնել ճերմակ ձյուն, կանաչ տերև: Շատ կուզեի տեսնել այդ մարդուն, հարցնեի՝ դու կգա՞ս Ջերմուկ, վերականգնես քո առողջությունը, երբ գիտես, որ մոտակա տարածքում ինչ-որ ռադիոակտիվ նյութեր են արտահանվում»:

Ռոմիկ Աբրահամյան՝ գեոդոզիստ. «Ամուլսարի լեռնաշղթայում 50 կմ քառ.տարածքում 1985-89 թթ. կատարել ենք հետախուզական, հետազոտական աշխատանքներ: Այդ աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Աղասյանը: Նա ասաց, որ հայտնաբերել ենք և ոսկի, և ուրան, սակայն, հնարավոր չի շահագործել, որովհետև այնտեղ գտնվում է ուրանի հանքավայր: Հետևաբար ոչ միայն կվնասվի տարածաշրջանը, այլ նաև, ինչպես գիտեք, ստորգետնյա հազար ու մի ուղիներով վտանգի կենթարկվի ամբողջ Հայաստանի 80 %-ը»:

Հասմիկ Սարգսյան՝ «Արմենիա» առողջարանի բժշկուհի. «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ գալիս են բուժվելու, առողջանալու և ասում են՝ մենք աշխարհի շատ քաղաքներում ենք եղել, բայց Ջերմուկի ջուրն ուրիշ է: Մարդիկ այստեղ գալիս են էկոլոգիապես մաքուր սնունդ ուտելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մենք շահագործում ենք ոսկու հանք, ծանր մետաղների հետ դուրս են գալիս ռադիոակտիվ նյութեր, որոնք նստելու են մեր բույսերի վրա, անձրևաջրերի հետ անցնելու են ընդերք, խառնվելու են խմելու ջրին, հանքային ջրին: Այդտեղ շատ մեծ չափի կակաչներ են աճում: Մեկ տարվա ընթացքում Կեչուտ գյուղում շատ արագ ավելացան ուռուցքային հիվանդությունները, չգիտեմ: Ինչի հետ է դա կապված. 6 լեյկոզի դեպք՝ 4 մահվան ելքով: Լինելով բժիկ, լինելով ջերմուկցի՝ ես պատրաստ եմ պայքարելու երիտասարդների հետ այդ չարիքի դեմ»:

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն

“Ջերմուկի զարգացման կենտրոն”

Leave a Comment