Մեծանուն գրող Լեռ Կամսարի թոռնուհին խնդրում է կործանումից փրկել պապից հիշատակ մնացած թթենին

Հայ մեծանուն գրող, երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանը խնդրում է փրկել պապից հիշատակ մնացած թթենին: Նրա նամակում գրված է. «1915 «զուլումին» Արևմտյան Հայաստանում թուրքերը խլեցին Լեռ Կամսարից նրա տունը, պարտեզը, ինչքը և աշխարհում ամենաթանկ բանը՝ Հայրենիքը: Հայրենազուրկ գրողը փախավ արևելահայ եղբայրների մոտ:1935թ. այդ եղբայրները խլեցին նրա տունը, պարտեզը, ինչքը և ամենաթանկից ավելի թանկը՝ Ազատությունը:
1955թ. երբ վերադարձավ Անհայրենիք և Անազատ Մարդն անհայտությունից, որոշեց սեփական Եդեմ արարել և ապրել մեջը: Տնկեց երեք ծիրանենի, փշատենի, բալենի, թթենի՝ երիզված թեյի վարդի թփերով: Պարտեզի ուղիղ կենտրոնում տնկեց Մայր թթենին, որ գեթ մի հարազատ ունենա այս ապիկար աշխարհում:
Անցան տարիներ, գրողը լքեց իր համար անհարմար այս աշխարհը: Պարտեզը կուլ գնաց շինարարությանը: Բայց «կյանքի իսկական ընկեր» թթենին կիսով չափ մնաց, որպես հավատարմության խորհրդանիշ…
Այժմ Թումանյան 11 շենքի բակում, թիկնած ավտոտնակների շարասյունին, վեր է բարձրանում կես թթնենին: Ինչո՞ւ կես՝ որովհետև ամբողջ բունը մնացել է հողի տակ, իսկ բնից դուրս եկած երկու ճյուղերից մեկը սղոցվել է՝ հարևան կիպ շենքի պատուհանները չմթնեցնելու համար: Մյուս կեսի բախտը բերել է այնքանով, որ եթե մեկ հատ էլ ավտոտնակ տնկվեր՝ դեմ կառներ շենքի մուտքին՝ արգելելով ելումուտը: Մեծանուն գրող Լեռ Կամսարի տնկած թթենին
Բնությունը մարդուց ավելի անդավաճան եղավ, կարծես:
Ապագա Մարդը, տեսնես կփոխհատուցի՝ կպահպանի այդ մենավոր և հավատարիմ թթենին…
«Աշխարհում իմ միակ բարեկամը, իմ մտերիմ ընկերը, իմ գաղափարակիցը իմ մինուճար թթի ծառն է, պարտեզումս տնկված։
Իսկական կյանքի ընկեր։
Ես փողոց եմ դուրս գալիս մարդկանց մեջ, տեսնում եմ անցորդներին շվարած, շշկլված, անգամ աննպատակ, անուժ, անձգտում, մեռնող աչքերի մեջ դեռ կենդանի մնացած ազատության հույս, նման վերջալույսի վերջին շողին, սպասում են, որ մեկն ընկնի իրենց առաջ, որ նրան հետեւեն, սպասում են մեկը մի բան կարծի, որ իրենք համակարծիք լինեն, մեկը մի խանութի առաջ կանգնի, որ իրենք նրա ետեւ հերթ պահեն, ինչ որ իր առաջի մարդն ուտի, ինքն էլ նույնն ուտի։ Եթե տեսնում եմ, որ մարդիկ փողոցում մի «բնագիր» են փնտրում, որ նրա «թարգմանությունը» լինեն, սարսափահար տուն եմ գալիս եւ փաթաթվում իմ թթի ծառին, որպես միակ բնական արարածի, որը ոչ թե մեռնում է օրեցօր, այլ աճում է, բարձրանում եւ փարթամանում։
Սովետական կառավարությունը քառասուն տարվա մեջ էլ բանտ չթողեց, էլ աքսոր չթողեց, տարավ տնկեց ինձ, միչուրինյան բոլոր փորձերը կատարեց վրաս, որ ինձ վրա կոմունիզմ բուսներ, բայց ես մնացի «թթի ծառ»՝ հավաքելով դրա համար իմ բոլոր ուժերը։
Սովետական մարդիկ, որպես անկենդան տոնածառ, կառավարությունը ինչ պտուղ կախեց նրանից՝ այն տվին, մինչեւ վերջն էլ չիմանալով, թե իրենք իսկապես ինչի՞ ծառ են։
Ու երբ անցնեն «նոր տարվա» տոները, սովետական մարդիկ իրենց կախովի «պտուղների» հետ միասին ընկած ցախատան մի անկյուն, սարդի հյուսած ոստայնները հագած՝ գերեզման պիտի մտնեն անհուշ ու անհիշատակ, մինչդեռ ես իմ մեռնելուց հետո էլ պիտի ապրեմ, որպեսզի ապագա ազատ սերնդին իմ քաղցր իմ մեղրածոր «թութը» հրամցնեն։
Թթի ծա՜ռ, հոգյակս, եկ գրկեմ քեզ ու անվերջ համբուրեմ»։
1959թ.
Լեռ Կամսար «Սոցիալիզմի Սահարա», ՀԳՄ հրատ.,2009 թ.»:

Leave a Comment