Կառավարության կողմից Թեղուտի խնդրով զբաղվելը եղել է միայն այն, որ ձեւական հանձնաժողովներ է ստեղծել, որոնք ոչինչ չեն արել

Մարտի 23-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով 2012թ. մարտի 13-ին ստեղծված նոր աշխատանքային խումբը հասարակության հետ Վանաձորում մտադիր է քննարկել «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր»-ը: բնապահպան ակտիվիստները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ չեն մասնակցելու քննարկմանը: Որպես հիմնավորում նրանք հայտարարում են. «2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են 17.10.2010թ. թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի եզրակացության եւ առաջարկությունների նախագիծը: Կոմիտեն արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Կոմիտեն գտել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացում Հայաստանը ձախողել է Կոնվենցիայի մի շարք հոդվածներ եւ կետեր (3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ): Անհրաժեշտ ենք համարում նորից եւ վերստին շեշտել, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից:

ՀՀ վարչապետի մերթ ընդ մերթ ակտիվացումների ֆոնին անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2008 թվականի հունիսի 20-ին շահագրգիռ հասարակության անդամները (հասարակական կազմակերպությունները) մասնակցել են ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են Թեղուտի հանքավայրի վերաբերյալ վիճահարույց մի շարք հարցեր: Խորհրդակցության ընթացքում Վարչապետը և Կառավարության անդամները համաձայնել են Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մի շարք հարցադրումներին: Խորհրդակցության արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է`
ա/ շահագրգիռ հասարակության անդամների կողմից բարձրացված հարցադրումների պատասխանները ներկայացնել ՀԿ-ներին,
բ/ կազմակերպել Թեղուտի հանքավայրի շահագործման համապետական նշանակությունը հիմնավորող հատուկ շնորհանդես, մինչև այդ կազմակերպելով 2 միջանկյալ քննարկում ՀԿ-ների կողմից ներկայացված հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ,
գ/ տեղական և անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար,
դ/ ՀԿ-ների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում քննարկել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ,
ե/ բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ հաստատելուց հետո կատարել նոր հաշվարկ` փորձագետների հետ կազմակերպելով միջանկյալ քննարկումներ և ներկայացված հարցադրմանը անդրադառնալ այդ քննարկումների ընթացքում,
զ/ քննարկել հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման վերաբերյալ առաջարկությունները և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ և Թեղուտին առնչվող այլ հիմնախնդիրներ:
Նշենք, որ 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննության նյութեր շահագրգիռ հասարակության անդամներին չեն տրամադրվել: Փոխարենը ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ուղարկվել է անստորագիր մի փաստաթուղթ (որի հեղինակները պարզ չեն), որը վերնագրված է «Տեղեկանք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման դեպքում 25 տարվա ընթացքում տնտեսական վնասի գնահատման վերաբերյալ»: Նշված «փաստաթղթում» վնասը գնահատված է 3.1 մլրդ. դրամի չափով:
Բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ առայժմ չի սահմանվել, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, կապված հանքարդյունահանման թափոնների հարցի կարգավորման հետ չեն կատարվել:

Միառժամանակ անց` 12 սեպտեմբերի 2008 թվականին, ՀՀ վարչապետը միեւնույն հարցի շուրջ կրկին հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ կայացված խորհրդակցության ընթացքում շարունակել է շատ արժեքավոր քննարկումները Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերի շուրջ: Խորհրդակցության արդյունքում Վարչապետն այս անգամ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել է`
1/ մինչև 2008թ. տարեվերջ Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննության նյութերը տրամադրել ՀԿ-ներին` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անվճար փորձաքննության ենթարկելու համար,
2/ 6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն:
Հերթական անգամ բացարձակապես ոչևէ բան չի արվել:

Հարկ է հիշեցնել նաեւ, որ 2011 թվականի նոյեմբերի 25-ին նույն վարչապետի թիվ 1122-Ա որոշմամբ ստեղծվել է եւս մեկ միջգերատեսչական հանձնաժողով` Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակելու, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այդ «հանձնաժողովը», ինչպես եւ սպասվում էր, հանդիպեց ընդամենը մեկ անգամ: Թեեւ բնապահպանության նախարարը խրոխտաբար հրահանգեց 10-օրյա ժամկետում մշակել հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը եւ փութաջանորեն կպնել գործի, ակնհայտ էր, որ այդ հանձնաժողովը միանգամայն այլ բանի համար է ստեղծված»:
Բնապահպան ակտիվիստները ՀՀ կառավարությունից պահանջում են դադարեցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բաց եղանակով շահագործման անօրինական ծրագիրը:

Մարտի 23-ին` ժամը 12.00-ին, բնության պաշտպանները.Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դիմաց /Տիգրան Մեծի պողոտա 2/ բողոքի կցիա կանցկացնեն:

Leave a Comment