Փաստաթղթերը բերեցին, բայց ցույց տալու բան չէր…

ԳԵՈՐԳԻ ՕԿՈԵՎ (Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի՝ Մարգարյանի հիվանդանոցի տնօրեն).
«Եթե գոհ եմ այդ ամենից` ուրեմն առեւտրական եմ: Այս քաղաքում կանաչ էլ չմնաց, մեր քաղաքին կանաչ է պետք, այլ ոչ թե առեւտրի կրպակներ … Բոլորս ամեն մի կանաչ տերեւի համար պատասխանատու պետք է լինենք: Մենք կանաչի կարիք ունենք»:

Նա, ով զգում է իրեն բնության մի մասնիկը, պատասխանատվություն է կրում անպաշտպան ծառերի, թփերի, ծաղիկներ, թռչունների, կենդանիների  համար:

Երբեմն շշմում ես, երբ ոստիկանները գալիս են ու սկսում պաշտպանել բիզնեսի շահը, այն դեպքում,  երբ հենց իրենց երեխաներն այլևս չեն ունենա շնչելու  թթվածին: Սա նման է շնչահեղձ լինելու իրավիճակին, երբ մեկը ձեռքը դնում է կոկորդիդ ու աստիճանաբար սպանում… Իսկ դու անգամ փորձ չես անում կանխել ու կանգնեցնել այն:  Բնության պաշտպաններին  նայում ես թարս աչքով, թե “այս խելագարներն ո՞վքեր են”, արդեն 6-րդ օրն է  ձմռան սառնամանիքին, իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են այն ամենը ինչ ասել է մի բառով` բնություն: Խիղճ, եթե արթնացել ես մարդկանց մեջ , ապա ուղղորդիր նրանց Մաշտոցի այգի, խնդրում եմ:

Այսօր ամբողջ օրը մտածել եմ այս մարդկանց մասին, ավելի ճիշտ նրանց մտածելակերպի մասին,  նկատի ունեմ ոստիկաններին, ինչո՞վ են մտածում, որտեղ են ծնվել, հիշու՞մ են իրենց մանկությունը, երբևէ խաղացե՞լ են ծառերի տակ, կամ արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար արդյոք “բուծիկներում ” են պատսպարվել…

Չէ, ինչ եմ հոգեվերլուծությամբ զբաղվում: Չէ որ հիմա ձմեռ է… Արևը չի նեղում, իրենք էլ չեն շոգում, որտեղից հիշեն ամռան կիզիչ ճառագայթները, երբ 5 րոպե չես կարող կանգնել  արևի տակ, թվում է հիմի կհալես ու ջուր կդառնաս… Հիմա խորը ձմեռ է,  իսկ ամառն էլ հեռու-հեռու սարերի հետևում է…

Հա, չմոռանամ, ես էլ գրեմ քաղաքապետարանի  այսօր տարածած հաղորդագրության մասին …“Իրականում, հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանը, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է նրանց, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան, ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին և նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում: Ի պատասխան այդ պնդման, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է դիմել դատարան և օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում”:

Ձեր ուղղարկած փաստաթղթերը ջնջումներով էին, “վարձակալություն” բառը ջնջած էր ու վերևում գրած էր “կառուցապատում”:  Այդ երբվանի՞ց են պաշտոնական փաստաթղթերը ջնջումներով  հրապարակայնացվում , առավել ևս օրինական համարվում: Ուր մնաց, թե կայացված որոշումներն օրինական համարվեն:

Պարոն Տարոն Մարգարյան,  ցավոք արևի կիզիչ ճառագայթները հաշվի չեն առնում ոչ օրենք, ոչ փաստաթուղթ, բնության մեջ չեն գործում բոլոր  այն օրենքները,

որոնցով փորձում եք արդարացնել անօրինական շինարարությունը: Մի պահ կանգ առեք և  մտածեք, արդյոք ձեր երեխան մաքուր օդ շնչելու, ծառերի տակ խաղալու և վերջապես  արևի ճառագայթներից պաշտպանվելու իրավունք չունի…

Հ.Գ.Օթերևութաբաններն այս տարի խոստանում են շաաաաաաաաաաաաատ շոգ ամառ, չեն բացառվում ուշագնացության և մահացության դեպքերը… 🙂

Ակցիայի լուսանկարներ` Երվանդ Կարապետյան, Հայկ Բիանջյան

Թեհմինե Ենոքյան

Leave a Comment