«Ջերմուկում տեղացած ձյան քանակը համարվում է վտանգավոր»,-հաղորդում են տեղական օդ.կայանից

Հիդրոօդերևութաբանական չափումներ Ջերմուկում կատարվում են ամեն օր: Այսօր առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ տեղացած ձյան մակարդակը հասել է 120սմ, մինչդեռ երեկվա տվյալներով այն եղել է 75սմ: «Մեկ գիշերում 45 սմ ձյուն է տեղացել: Մենք չափումներ ենք անում, այնուհետև ձյունը վերածում ջրի: Այդ տվյալներով, նախորդ գիշերվա տեղումների քանակը 21 մմ է: Օդերևութաբանության տեսակետից սա արդեն համարվում է եղանակային անբարենպաստ պայմանների վտանգավոր շեմ: Այսինքն կարող են փակվել ճանապարհները, առաջանան փլուզումներ և այլն»,-հաղորդեց Ջերմուկի օդերևութաբանական կայանի պետ Միհրան Ստեփանյանը:

Ջերմուկի քաղաքապետի փոխանցմամբ, քաղաքը պատրաստ է եղանակային անակնկալներին և նման իրավիճակներում ավելի ինտենսիվ աշխատանքներ են տարվում: «Այս պահի դրությամբ համայնքի տարածքում փակ ճանապարհներ չկան, քանի որ գիշերվանից սկսած` մեքենաները չեն դադարել աշխատել: Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է հինգ անուն տեղնիկա»,-նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:  

Առհասարակ, Ջերմուկը միշտ էլ ձմռան ամիսներին աչքի է ընկել ձյան առատությամբ: Թեև վերջին տարիներին տեղումները նկատելիորեն նվազել էին, սակայն այսօրվա դրությամբ մեկ մետրից ավելի ձյունը և խոստումնալից ամպերը ոգեշնչում են լեռնադահուկային սպորտի սիրահարներին:

Վերջին տարիներից ամենաձնառատը եղել է 1985թ-ը, երբ մոտ մեկ ու կես մետր տեղումներ են գրանցվել: Իսկ թե որքան կշարունակվեն եղանակայանին անակնկալները, սպասենք:

Leave a Comment