Ջերմուկում նոր սիրողական սահուղի կկառուցվի

Ջերմուկի զարգացման եւ առողջարանային քաղաքի վերածման ծրագիրը դեռ մշակման փուլում է: Կատարվում են նախագծային աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ծրագրի լայնամասշտաբ լինելը ենթադրում է մեծ աշխատանք, այդ պատճառով էլ բանակցություններ են վարվում’ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: «Այս պահին հստակ ուրվագծված ներդրումային ծավալներ դեռ ֆիքսված չեն, բայց բազմակողմ աշխատանք է կատարվում’ հետաքրքրելու այն բոլոր կառույցներին, որոնք շահագրգիռ են Ջերմուկը որպես առողջարանային ու զբոսաշրջային կենտրոն տեսնելու համար»,-ասաց Բագրատյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ տարեվերջին ծրագրի ուրվագիծն արդեն պատրաստ կլինի, իսկ 2012-ի վերջին հստակ կներկայացվեն առաջին փուլն ու ժամանակացույցը, որով պիտի սկսվեն ծրագրի իրականացման աշխատանքները:

«Այս պահին ավելի շատ մարքեթինգային աշխատանքներ են իրականացվում’ հասկանալու, թե ինչ ծավալի դեպքում մենք ինչքան զբոսաշրջիկ, ինչքան բուժվող կարող ենք ընդդունել: Վստահ եմ, որ մինչեւ 2015 թիվը լուրջ աշխատանքներ կիրականացվեն»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով’ հատկապես ռուսական զբոսաշրջիկները մեծ ցանկություն ունեն ձմեռային հանգիստն անցկացնել Ջերմուկում: Ճոպանուղին գործում է, շուտով կկառուցվի նաեւ սիրողական սահուղին: «Ռուսական կողմը պատրաստ է առողջարանային պայմանների դեպքում խմբեր ուղարկել»,-ասաց Վայոց ձորի մարզպետը:

Ջերմուկի ճոպանուղին աշխատում է կլոր տարին’ ընդունելով տարեկան միջինը 16-18 հազար այցելու: Պիկ շրջանն ամռանն է. սպասարկվում է մոտ 12-13 հազար մարդ:

Leave a Comment