Ո՞ր պաշտոնյան է պատասխան տալու Երեւանի գերկառուցապատման համար

90-ականների մութ ու ցուրտ տարիներից հետո Երեւանում շինարարություն տեսնելիս ուրախանում էինք, որ կրկին իրավիճակը լավանում է, մարդիկ ապագայի ծրագրեր են կապում Հայաստանի հետ, տուն, շենք, շինություն են կառուցում, աշխատատեղեր են ստեղծում, Երեւանը համալրվում է նորաոճ կառույցներով: Սակայն այսօր այդ շինարարական աշխատանքներն ուղղակի պատուհաս են դարձել երեւանցիների համար: Ամեն քայլափոխի նոր շենք ու կրպակ են կառուցում այն էլ խաղահրապարակների, կանաչ գոտիների, հանրային նշանակության տարածքների հաշվին: Շենքերն իրար այնքան մոտ են, որ հանգիստ կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի շենքի տներում, ով ինչ կերավ, ինչ հագավ կամ ինչ արեց:

Նոր շենքերը փակում են մյուսի արեւը, տեսադաշտը, պատճառում տհաճություններ: Այս ամենը պատճառ է դառնում մի շարք կոնֆլիկտային իրավիճակների: Ասածիս վառ ապացույցն է Նալբանդյան 106/1 հասցեում ծագած կոնֆլիկը, որտեղ մանկապարտեզի տեղում «Ավագ Շին» ընկերությունը շենք է կառուցում: Արդյունքում հատվեցին ծառեր, քանդվեց տարածքը, վերացավ հանրային նշանակության գոտին, քայքայվեցին մարդկանց ներվերը: Մյուս դեպքը Վիշապի պուրակում էր, որտեղ այգու տարածքում «Այր կոնստրակշն»-ը շենք էր կառուցում: Բարեբախտար, այդ անգամ հասարակությունն իր պայքարով կարողացավ հասնել նրան, որ  շենքի կառուցման տարածքը տեղափոխվեց այլ վայր:

Անցյալ օրը զբոսնում էի Երեւանի կենտրոնով: Եզնիկ Կողբացի փողոցի ներս ընկած բակում տեսա կիսակառույց մի շինություն: Բնակելի շենքերին շատ մոտիկ այս անգամ էլ բազմաբնակարան է կառուցում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Շինարարությունը կավարտվի 2012թ. դեկտեմբերի 31-ին: Հարց, ու՞մ համար ենք այսքան շենքեր կառուցում: Ինչու ենք ամեն ինչ կենտրոնացնում միայն Երեւանում եւ հիմնականում կենտրոնում: Միթե մեր պաշտոնյաները, ովքեր թույլատրում են այդքան բազմաբնակարանների կառուցապատումը Երեւանի կենտրոնում, երբեւէ արտերկրում չեն եղել, եւ չեն տեսել, որ քաղաքների կենտրոններում հիմնականում գրասենյակներ են, հիմնարկություններ, այլ ոչ բնակարաններ, իրենց լվացքով եւ այլ տնային թաշախուստով: Եւ պատահական չէ, որ Հյուսիսային պողոտայում ընկերներիցս մեկը տեսել էր, որ տան տիկինը պատշգամբում բուրդ է չփխում: Ու՞ր ենք ուզում հասնել մեր այս բնակարանաշինությամբ, հարգելի պաշտոնյաներ: Ինչո՞ւ է մեզ թվում, որ մենք ապահովագրված ենք աղետներից, հատկապես երկրաշարժից: Նման խիտ կառուցապատումը թույլատրելուց առաջ երբեւէ հիշե՞լ եք, որ Երեւանը սեյսմիկ գոտում է գտնվում: Եւ Աստված չանի, երկրաշարժի դեպքում այդ գերբնակեցված շենքերի բնակիչները փախնելու տեղ չեն ունենա:  Այդ ժամանակ ո՞վ է պատասխան տալու:

Comments
  • Աննա says:

    Մարդկային կյանքը ոչ մի կարեւորություն չունի պատասխան տվողների համար, նրանց հետաքրքրում է միայն արագ կերպով շոնքը կառուցել վաճառել բնակարանները, իսկ դրանից հետո շենք կփլվի, մարդ կմահանա, չի մահանա, ընտանիքներ կկործանվեն չեն կործանվի, դա արդեն շենք կառուցողի կամ թույլտվություն տվողի համար որեւէ էական նշանակություն չունի, կարեւորը իրենք են եւ իրենց ընտանիքները, որ ապահով ապրում են եւ կապրեն հարմարավետ եւ պերճաշուք առանձնատներում, որոնք ի դեպ մ ժողովրդի կաշին քերթելու հաշվին են կառուցված, հակառակ պարագայում, մեր երկրում սահմանված ամենաբարձր աշխատավարձի պարագայումնույնիսկ հնարավոր չէ նման տներ կառուցել: Էնպես որ մնում է հուսալ որ Աստծո դատաստանին կարժանան մեր շրջապատող միջավայրը պղծողները:

Leave a Comment