Կյանքն ու մահը՝ մարդկանց ու ծառերի

Ուղիղ 9 տարի առաջ, այս ժամերին, ես Մարգարյան հիվանդանոցում էի, ու երկունքի ցավերից գալարվելով  հայացքս երկինք հառած նայում էի  պատուհանից երևացող էն ծառին, թախանձագին հայցելով բնության բոլոր ուժերի օգնությունը: Փետրվարյան ցուրտ ու մռայլ օր էր, ու միայն էդ ծառն էր, որ ինձ կարող էր կապել բնությանն ու արարչությանը: Շուրջս միայն բճշկական գործիքներ էին ու պրոֆեսիոնալ բառապաշարից դուրս չեկող, մարդկային կարեկցանքից հեռու բժիշկներ: Ես էլ էն ժամանակ պրոֆեսիոնալ հաղորդավար էի, ‘Շանթ’-ի լուրերն էի վարում, ու շատ լավ հասկանում էի, թե ինչ ասել է մասնագիտական ‘սառնասրտություն’: Քանի անգամ եմ կարդացել մի լուր, որի ժամանակ ասվում էր, թե  ինչ-որ բախման ժամանակ սպանվել է այսքան մարդ կամ այսքան զինվոր: Հա, առանց դեմքի միմիկայի փոփոխության կարդում էի էդ լուրերը, ինձ համարելով պրոֆեսիոնալ հեռուստահաղորդավար, չմտածելով, թե ինչ ցավ են ապրել էդ մարդիկ, հետո՝ ինչ ցավ են ապրել նրանց հարազատներն ու սիրելիները… Ու հիմա, իմ ֆիզիկական անտանելի ցավն ու բժիշկների պրոֆեսիոնալ ‘անտարբերությունն’ ինձ հիշեցնում էր դեմքս՝ էկրանից, ու ես չէի նայում նրանց, այլ հայացքս ուղղել էի հեռուն, Մաշտոցի պուրակի լուսամուտից երևացող ծառին:Այդ  ծառն էր իմ կապը բնության ու մարդասիրության հետ: Ու երբ ամեն ինչ ավարտվեց ու երկու նորածին հրաշքներին մոտեցրեցին իմ կրծքերին, իսկապես ես արարիչ էի, կյանք ստեղծող ու կայնք տվող: Ամեն ինչ փոխվեց, ես նորովի  արժևորեցի կյանքը, ապրելու իրավունքը: ՈՒ էդ պահին ես դեռ չգիտեի, որ իմ զույգերը ականատեսն են լինելու մարտի 1-ի ոճրագործությանն ու հյուսիսային պողոտայում իմ 5 տարեկան պստիկներին վախեցնելու ու ահաբեկելու են ոստիկանները, որոնց տեսնելիս նրանք ուղղակի այլայլվում են այժմ: Հիմա էդ նույն ոստիկանները պաշարել են էդ ծառերը, իմ կյանքի խորհրդանիշները, որպեսզի մարդիկ չփրկեն նրանց կյանքն ու ապրելու իրավունքը:

Զարուհի Հովհաննիսյան

Comments
Leave a Comment