Երեւանի քաղաքապետարանի դիմաց նախատեսվում է հզոր երթ

Ըստ Facebook-ում պտտվող լուրերի` այդ բուտիկների տերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Մաշտոցի այգում շինարարությունը շարունակվում է: Ոստիկանները ցանկապատել են շինհրապարակը` թույլ չտալով ակտիվիստներին մտնել տարածք:  Սակայն ակտիվիստները չեն հեռանում, անընդհատ բարձրաձայնում են շինարարության ապօրինի լինելու մասին եւ բղավում. «Բանվոր, գնա տուն»:  Չնայած հասարակության այս բողոքին` քաղաքապետարանը  շինարարությունը դադարեցնելու ոչ մի հրաման չի տվել: Ավելին փետրվարի 17-ին ակտիվիստներին քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը եւ Երևան քաղաքի ավագանու անդամ Արա Երնջակյանը հանձնեցին մի փաստաթուղթ, ըստ որի. «Երևանի Գլխավոր պողոտա-զբոսայգու Մ. Մաշտոցի պող. եւ Ե. Կողբացու փողոցի միջանկյալ հատվածում /Մաշտոցի պող. 22/1 զբոսայգի/ Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն ունի գրանցված կառուցապատման իրավունք: Նշված ընկերությանը 13.12.2011թ. տրվել է հ. 01/18-07/2-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 15.12.2011թ. համաձայնեցվել է հ. 01/18-05/2-49502-1054-1 նախագիծը և նույն օրը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման հ.01/18-49502-1064-1 թույլտվությունը»: Իրավաբան Մերի Խաչատրյանը Facebook սոցիալական ցանցում այս փաստաթղթի վերաբերյալ գրում է. «Երևանի քաղաքապետարանի պատասխանն ընդհանրապես իրավազուրկ բովանդակություն ունի, չի բխում ոչ մի տեսակի իրավական ակտի պահանջներից»: Facebook-ի օգտատերերից Էրիկ Գրիգորյանն էլ համացանցում տեղադրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2003թ. մայիսի 23-ի «Արդյունաբերական կազմակերպությունների  գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասին  հրամանը, ըստ որի շենքերի պատերի արտաքին կողերը  ծառերից պետք է գտնվեն  5 մետր հեռավորության վրա, իսկ, թփուտներից` 1,5 մետր: Մինչդեռ Մաշտոցի այգում ծառերը կա’մ շինությունների մեջ են ընդգրկվել, կա’մ շինություններից կես մետր հեռավորության վրա են գտնվում: Փետրվարի 17-ի թեժ պայքարից հետո այսօր` փետրվարի 18-ին մի կրպակ ապամոնտաժում են: Այս առթիվ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը համացանցում գրում է. «Հենց հիմա ապամոնտաժվում է Մաշտոցի պուրակում կառուցած մի հատ բուդկա, որի զոռբա տերերը դեռ մի քանի օր առաջ քմծիծաղով էին նայում մեր վրա, իսկ քաղաքապետարանի հավատը չէր գալիս, որ իր անօրինական թույլտվությամբ կառուցվածը քանդվելու է: Այդ տարածքը չի լինելու առևտրակայնացված գոտի, դա հանրային կանաչ տարածք է»:
Բնապահպանները պնդում են որ կառուցապատվող այգու տարածքը գերազանցում է 1500 քմ-ն, այդ իսկ պատճառով պետք է նախքան որեւէ շինարարություն սկսելը օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցկացվեր, ինչը չի կատարվել: Քաղաքային իշխանությունները եւ ոստիկանությունը անտեսում են բնապահպանների փաստարկները, փոխարենը ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Երևանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին և 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:
ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի  կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:
Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով»: Ոստիկանության հայտարարության մեջ ոչ մի տող չկա այն մասին, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված օրինախախտ շինարարության համար:
Այժմ բնապահպանները քննարկում են երկուշաբթի օրը`փետրվարի 20-ին, հզոր ակցիա իրականացնել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվեց փետրվարի 17-ին այցելել այգում գտնվող ակտիվիստներին: News.am կայքին տված հարցազրույցում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ասել է, որ քաղաքապետը ակտիվիստներին ընդունել է, լսել, ճշգրտումներ արել: «Իրենց վարքագիծը կարող ենք որակել որպես շանտաժ»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Իսկ ինչի՞ց այս ամենը սկսվեց

Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշեց Երեւանի մի շարք կրպակների հետ մեկտեղ ապամոնտաժել նաեւ Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութները: Այս որոշումից կարճ ժամանակ անց Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց: Նրա սկսած գործը շարունակեց ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բոլորն ուրախացան` տեսնելով, թե ինչպես են ապամոնտաժվում այդ կրպակները: Սակայն ուրախությունը կարճ տեւեց, երբ պարզ դարձավ, որ բուտիկները տեղադրվում են Մարգարյան ծննդատան հարեւանությամբ գտնվող Մաշտոցի այգում:

Թեպետ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ ավելացնելու է մայրաքաղաքի կանաչ գոտիները, սակայն իր այս քայլը հակառակի մասին է խոսում: Ինչպե՞ս կարելի է ավելացնել կանաչ գոտիները, երբ եղածն էլ չի պահպանվում: Այգիները` անխնամ, շատրվանները չգործող, ամենուր աղբ: Մատների վրա կարելի է հաշվել այգիներ, որոնք բարեկարգ վիճակում են: Մյուս խնդիրն այն է, որ այգու կառուցապատումից տուժելու են նաեւ Մարգարյանի հիվանդանոցի այցելուները: Ընդհանրապես բացի  Նորքի ինֆեկցիոն  հիվանդանոցից քանի՞ հիվանդանոց կա Երեւանում, որի տարածքը կանաչապատ է: Գուցե մեր առողջապահության նախարարությանը ձեռնտո՞ւ է կանաչ գոտիների ոչնչացումը. թթվածին չի լինի, իսկ մեքենաների  արտանետումներն ու շինարարական փոշին ինչքան ուզես, եւ պատրաստ են շնչուղիների հետ կապված հիվանդությունները, ալերգիան: Հակառակ դեպքում Առողջապահության նախարարությունն էլ կարտահայտվեր այս շինարարությանը դեմ: Լռում է նաեւ բնապահպանության նախարարությունը: Նախարար Արամ Հարությունյանը բավարարվել է միայն ասելով. «Կրպակների տեղադրմանը մենք դեմ չենք, սակայն կողմ չենք դրանց տեղակայմանը կանաչապատ տարածքներում»:

Լավ, իսկ ու՞մն են այդ կրպակները, որոնց տեղադրումը Մաշտոցի այգում քաղաքապետարանի համար դարձել է գերխնդիր:
Ըստ Facebook-ում պտտվող լուրերի` այդ բուտիկների տերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:

Comments
  • Karen says:

    Lav tesnes ayd taracqi hamar bnapahpanakan porcaqnnutian drakan ezrakacutiun ka? Ete ka apa Taronin petqa chdimeq ayl Lahmajoin

Leave a Comment