Ջերմուկցիներն անհագստացած են.”Ամուլսարի հարցը հատուկ քննարկման առարկա”

Վերջին շրջանում մամուլում և հասարակական շրջանակներում բավականաչափ ակտիվացել են քննարկումները` պայմանավորված Ջերմուկ քաղաքի ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորությունների և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի հետ: Այդ կապակցությամբ ահազանգեր են ստացվում Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ և Կեչուտ գյուղերի բնակիչներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքի մշտական այցելուներից: Խնդրի համակողմանի ուսումնասիրության նպատակով, Ջերմուկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, 2011 թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել քննարկում տեղական իշխանությունների, մեր ներկայացուցիչների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական կազմակերպությունների, «ԳԵՈԹԻՄ» ընկերության, քաղաքի ակտիվ հասարակական ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքն ու արդյունքները վեր են հանվել մտահոգիչ մի շարք խնդիրներ, որոնք ցանկանում ենք ներկայացնել Ձեր քննարկմանը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, մեր կարծիքով պայմանավորված է մի շարք ռիսկերի հետ, որոնք պայմանականորեն կարել է բաժանել երկու խմբի. 1. Ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ, 2. Ռիսկեր` կապված բաց եղանակով հանքավայրի շահագործման հետ: Ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ: Չնայած «ԳԵՈԹԻՄ» ընկերության հավաստիացումներին,  ըստ որի հանքավայրի ուսումնասիրությունները և դրանց միջազգային լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հանքավայրում ուրանի պաշարներ չկան, այնուամենայնիվ մասնագետները վկայում են, որ ոսկին և ուրանը (հատկապես մեր տարածաշրջանում) փոխկապակցված էլեմենտներ են, այսինքն` դրանցից մեկի առկայությունը հանքավայրում ենթադրում է մյուսի առկայություն: Հատկանշական է, որ դեռևս Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկից շուրջ 35 կմ հեռավորության վրա, Վայք քաղաքի մերձակայքում գտնվող Ազատեկի ոսկու հանքի շահագործումը ուղեկցվում էր ուրանի արդյունահանմամբ, ինչի հետևանքով այդ տարածաշրջանում արձանագրվել է ռադիացիայի մակարդակի կտրուկ աճ, ինչն առողջապահական վիճակագրության արդյունքներով հանգեցրել է քաղցկեղով հիվանդությունների թվաքանակի կտրուկ աճի: Եթե Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իր մեջ պարունակի անգամ Ջերմուկի տարածաշրջանում ռադիացիայի մակարդակի բարձրացման անգամ աննշան ռիսկեր, ապա, մեր կարծիքով այդ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է հետևյալ պատճառներով. Ջերմուկ քաղաքը, որը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են հանգստի և առավելապես բուժման նպատակով, հետևաբար ռադիացիոն ֆոնի ցանկացած փոփոխություն ուղղակի և անմիջական բացասական ազդեցություն կունենան քաղաքի, որպես բարձր լեռնային առողջարարական հանգստավայրի հեղինակության վրա` խափանելով քաղաքի հետագա զարգացումն ու բնականոն գործունեությունը` հանգեցնելով արտագաղթի հետ կապված հավելյալ ռիսկերի: Ջերմուկ քաղաքը հայտնի է իր բուժիչ և աղբյուրի ջրերով, որոնց շշալցումը հանդիսանում է ոչ միայն մեր համայնքի և մարզի, այլ ողջ երկրի տնտեսության կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկը: Ռադիացիոն ֆոնի փոփոխությունը, անպայման, իր բացասական ազդեցությունը կունենա նաև հանքային ջրերի արտադրության վրա: Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում է գտնվում Կեչուտի ջրամբարը, որտեղի Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան թունելի միջոցով հասցվում են Սևանա լիճ: Ջրերի մեջ ռադիացիայի մակարդակի աճը ուղղակի սպառնալիք կարող է հանդիսանալ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ողջ երկրի համար` վտանգելով Սևանա լճի էկոլոգիական համակարգը: Օդում ռադիացիայի մակարդակի ավելացումը կհանգեցնի մի շարք հիվանդությունների աճին, որն իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի բնակիչների առողջության և միգրացիայի վրա: Հատկանշական է, որ մինչ այժմ հանքավայրի հետ կապված բոլոր փորձաքննությունները և փորձագիտական հետազոտություններն իրականացվել են բացառապես հանքավայրը շահագործման պատրաստող «ԳԵՈԹԻՄ» ընկերության ֆինանսավորմամբ, ինչը նվազեցնում է դրանց արդյունքների նկատմամբ վստահության աստիճանը: Ռիսկեր` կապված բաց եղանակով հանքավայրի շահագործման հետ: Բաց եղանակով հանքավայրի շահագործման ցանկացած տեղանքում առաջացնում բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են: Հանքավայրը, որը պետք է շահագործվի գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 3.000 մետր բարձրության վրա:

Սա նշանակում է, որ հանքավայրի շահագործման աշխատանքները ֆիզիկապես հնարավոր է իրականացնել միայն ամառվա ամիսների ընթացքում: Դա համընկնում է Ջերմուկ հանգստի ամենաթեժ սեզոնի հետ, հետևաբար Ջերմուկից ընդամենը 7-12 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում պարբերաբար պայթեցումների իրականացումը, դրանով պայմանավորված փոշու առկայությունը, բեռնատար մեքենաների և հանքարդյունաբերական տեխնիկայի աշխատանքով պայմանավորված աղմուկը կխաթարեն քաղաքի այցելուների, հանգստացողների և բուժվողների հանգիստը` թուլացնելով Ջերմուկի մրցակցային ամենակարևոր առավելությունները: Մասնագետները վկայում են, որ Ջերմուկ քաղաքի մերձակայքում քամիներն ունեն այնպիսի ուղղվածություն, որ բաց եղանակով հանքավայրի շահագործման հետևանքով առաջացող փոշին անմիջապես կտեղափոխվի Ջերմուկ` վնասելով քաղաքի մաքուր օդն ու բնությունը, որոնք հանդիսանում են քաղաքի մրցունակության կարևորագույն բաղադրիչները: Հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ` կապված հանքաքարի մասնատման և թափոնների առաջացման հետ, որոնք կավելացնեն փոշու և աղտոտման վտանգները: 2010 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագրով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական և տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: 2010 թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՀՀ Նախագահին ներկայացվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, ըստ որի Ամուլսար կոչվող տեղանքից շուրջ 3 կմ հեռավորության վրա նախատեսվում է նոր Ճոպանուղիների կառուցում, ինչպես նաև քաղաքի զարգացում հիշյալ ուղղություններով: Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ուղղակիորեն կասկածի տակ է դնում ՀՀ Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտվող հիշյալ ռազմավարական ծրագրերի իրականացում: Հանքավայրը ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Կեչուտի ջրամբարից: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական և ուժգին պայթեցումները կարող են վտանգել արհեստական այդ ջրամբարի արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետևանքներ հագեցնել ջրամբարից ներքև գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Արենի) համար, որտեղ բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության գերակշիռ մասը: Այստեղ խնդիրը վերաբերվում է հիշյալ բնակավայրերի և դրանցում ապրող մարդկանց ֆիզիկական ոչնչացման ռիսկերին: Կարծում ենք, որ Ջերմուկի շրջակայքում տարբեր օգտակար հանածոների մասին տեղեկություններ եղել նաև նախկինում, սակայն որևէ հանքավայր չի շահագործվել` հաշվի առնելով Ջերմուկի, որպես զբոսաշրջության և առողջարանային կենտրոնի հանգամանք ու կարգավիճակը: Հատկանշական է, որ Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկ քաղաքը համարվում էր Հայաստանում միակը հանդիսացող Միութենական նշանակության առողջարանային քաղաք, ինչի արդյունքում քաղաքի մերձակայքում մեծ շառավիղով գոյություն չեն ունեցել և հիմա էլ չկան արդյունաբերական ձեռնարկություններ, վնասակար արտանետումներով և թափոններով արտադրություններ: Այդ պայմաններում խոսք անգամ չէր կարող լինել հանքավայրերի, առավել ևս բաց եղանակով հանքավայրերի շահագործման մասին: Կարծում ենք, որ հիշյալ ռիսկերը տեսանելի են նաև հանքավայրերը շահագործման պատրաստող պետական և մասնավոր որոշ մարմինների և կազմակերպությունների համար: Դրա ապացույց այն է, որ ռիսկային գոտում գտնվող համայնքների ցանկում Ջերմուկ քաղաքը ներառված չէ, չնայած, որ ներառված է հանքավայրից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող Գնդեվազ համայնքը: Ամփոփելով վերոգրյալ, կարծում ենք, որ Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործումը հակասության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես. – ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 380-Ա որոշմանը, որով որպես գերակայություններ են սահմանվել տարածքային համաչափ զարգացումը: – ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը տուրիզմի կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը: – ՀՀ կառավարության հավանության արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությանը»: – 2010 թվականի ՀՀ Նախագահին ներկայացված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին: Սրանից բացի, այդ ծրագրի իրականացում է հակադրվում է նաև մեր ազգային անվտանգությանն ու հետինդուստրիալ հասարակության զարգացման գաղափարախոսությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը դարձնել հատուկ քննարկման առարկա` վերանայելով նախկինում պետական կառավարման տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները և հստակեցնելով ՀՀ կառավարության վերջնական դիրքորոշումը նախագծի հետագա իրականացման համար:

Leave a Comment