Ձեռքը` այգու «զարկերակին»…

Առլեն Շահվերդյան

Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ լինելով անչափ բնասեր մարդ, ես հաճախ եմ անդրադառնում իմ բլոգում բնության և բնապահպանության թեմաներին: Ավելին, բլոգս, իր թեմատիկ ընդրկումով, ոչ միայն հեղինակային-ստեղծագործական է, այլև որդեգրել է բնապահպանական խնդիրների արծարծման իր հստակ և անխախտ ձեռագիր:

Բլոգիս մշտական այցելուները և իմ ստեղծագործությունների հավատարիմ ընթերցողները գիտեն, որ մշտապես անդրադառնում են հատկապես վայրի բնության թեմաներին: Սական այս պահին ուզում եմ առաջարկել Ձեզ մտովի մի պահ տեղափոխվել ոչ թե անծայրածիր սավաննա կամ խիտ ջունգլի, այլ Երևանի կենդանաբանական այգի, որի նորամուծություններից մեկի մասին էլ ուզում եմ խոսել:

Նախ ասեմ, որ մեր կենդանաբանական այգու մեծ սիրահար եմ և դեռ փոքր տարիքից մշտապես այցելում եմ, ուսումնասիրում, իսկ տարիներ առաջ նույնիսկ պահ եղավ, երբ հնարավոր էր, որ անգամ աշխատեի այնտեղ` որպես «юный натуралист»: Այ, այդպես սիրում էի ու սիրում եմ մեր այգին, և սիրտս ցավում է նրա համար:

Բլոգիս մշտական այցելուները գիտեն, որ ես պարբերաբար անդրադառնում եմ մեր կենդանաբանական այգուն: Բավական է սեղմել «Երևանի կենդանաբանական այգի» բանալի բառը: Ավելին, այս հոդվածի վերջում ներկայացրել եմ այգու կենդանիների լուսանկարների` իմ կողմից արված մի մեծ շարք: Լուսանկարներն արել եմ 2008, 2009 և 2010 թվականներին:

Բացի այդ, շուտով բլոգիս «Ամենաընթերցվողը» (Most read / Самое читаемое) էջում մանրամասն տեղեկույթ կլինի այգու մշտական բնակիչներից մեկի` աֆրիկյան առյուծի մասին: Ինչպես գիտեք էջը նվիրված է «Ապրելու իրավունք» գրքիս, որում զգալի անդրադարձ կա առյուծների կյանքին կենդանաբանական այգիներում` ընդհանրապես և Երևանի կենդանաբանական այգում` մասնավորապես: Դե իսկ մեր սիրելի այգու բնակիչներից մեկի` Մարկ անունով աֆրիկյան առյուծի դիտարժան հեղինակային լուսանկարները վաղուց զարդարում են իմ բլոգը և «Ապրելու իրավունք» գիրքս: Տես Մարկի լուսանկարները:

Դա է պատճառը, որ տեսնելով Երևանի կենդանաբանական այգում` ներկայումս ընթացող բարեփոխումները և նկատելով այգու պաշտոնակայքում մի ուշագրավ տեղեկույթ, ցանկացա առանձին հոդվածով անպայման խոսել այդ մասին:

Այս հոդվածը գրում եմ իմ կողմից, իմ սեփական նախաձեռնությամբ, ոչ մեկ այն ինձ ոչ հուշել է, ոչ դիմել է, ոչ էլ խնդրել անելու: Ավելին, իմ բլոգում բնապահպանական որևէ կառույցի անդրադառնալը մշտապես իմ սեփական, անկեղծ նախաձեռնությունն է` ելնելով նրանից, որ ինքս անսահման սիրում եմ բնությունը: Կարելի է ասել, որ այս հոդվածը արտահայտությունն է այն մեծ սիրո ու հարգանքի, որ տածում եմ մեր կենդանաբանական այգու նկատմամբ արդեն շատ երկար տարիներ:

Եվ այսպես, օրեր առաջ ես այգու պաշտոնակայքում նկատեցի ինձ համար ուրախալի ու ոգևորիչ մի հաղորդագրություն: Բանն այն է, որ այս տարվա ամռանը Երևանի կենդանաբանական այգում աֆրիկյան առյուծի (Panthera leo) 3 ձագեր էին լույս աշխարհ եկել` 2 էգ (Մարթա և Այրին) և մեկ որձ: Լևռ անունով արու կորյունը, այսուհետև ոչ սովորական խնամակալ ունի: Վերջինիս անունով այգու հաշվին 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցվել: Կարդա այս մասին մանրամասն:

Ուրախալի է, որ այսօր Երևանի կենդանաբանական այգին, ի թիվս բազմաթիվ առաջադիմական քայլերի, իրականացնում է նաև այս հետաքրքիր, ուշադրության արժանի և, ըստ իս, խիստ օգտակար ու կարևոր ծրագիր: Կարծում եմ, որ այն ոչ միայն նորարարական է, այլև ունի բնապահպանական ընդգծված առաքելություն:

Գաղտնիք չէ, որ ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բնակվող կենդանիները չունեն բարվոք կենսապայմաններ: Ամեն անգամ այցելելով այգի նկատում ենք, որ վայրի բնաշխարհի ներկայացուցիչները ապրում են, մեղմ ասած, ոչ այնքան լավ պայմաններում: Ողջունելի է, որ այգու ներկայիս ղեկավարությունը, հստակ գիտակցելով, որ այս իրավիճակը պետք է փոխել հնարավորինս արագ, սկսեց ձեռնարկել կոնկրետ քայլեր: Որոնցից մեկն էլ կենդանիների խնամակալության մշակույթի ներբերումն է մեր իրականություն: Սա լուրջ և արդյունավետ ազդակ կարող է հանդիսանալ շատ մարդկանց համար, որպեսզի նրանց սրտերում զգալի հոգածություն արթնանա կենդանական աշխարհի նկատմամբ: Ըստ էության, այսուհետև բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության և Երևանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից որևէ մեկի խնամակալը: Խնամակալությունն իրականացվում է մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր խնամակալ ստանում է խնամակալի անհատական անվանաքարտ, որը նրան ոչ միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն է տալիս, այլև կիրառվում է որպես անցաթուղթ, երբ խնամակալը այցելում է կենդանուն: Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է: Կարդա այս մասին մանրամասն:

Իմ համոզմամբ` խիստ գովելի այս միջոցառումը հատկապես կարևոր է կրտսեր սերնդի դաստիարակության, բնապահպանական կրթության առումով: էլ ո՞վ, եթե ոչ հենց Երևանի կենդանաբանական այգին, որպես հասարակության մեջ բնության նկատմամբ սեր և հոգածություն սերմանելուն ուղղված առաջատար կառույցներից մեկը, պետք է կյանքի կոչեր այս օգտավետ նորարարությունը: Էլ ո՞վ, եթե ոչ Երևանի կենդանաբանական այգու նորարարական, թարմ ու առաջադեմ մոտեցումները պետք է հասարակությանը առավել շոշափելի դարձնեին բնության պահպանության անհրաժեշտության խնդիրը:

Այս կառույցը մշտապես եղել է վայրի բնության յուրահատուկ մի օազիս մեր քաղաքում: Այսօր այն, արժանիորեն ժառանգելով տարիների փորձն ու պատմությունը, փորձում է բնության նկատմամբ վերաբուրմունքի ձևավորմանն ուղղված այնպիսի քայլեր անել, որոնք նախկինում չեն եղել: Քայլեր, որոնք հասարակ մարդկանց մի փոքր ավելի կմոտեցնեն բնությանը, կստիպեն անել հետևություններ, ավելի գորովալից վերաբերվել հայրենի բնությանը, հայրենի ֆլորային և ֆաունային:

Իմ տպավորությամբ` Երևանի կենդանաբանական այգին այսօր իր տրամաչափով սոսկ այգի չէ, այլ կերպափոխվում է` վերածվելով գիտահետազոտական-բնապահպանական կենտրոնի, համագործակցելով աշխարհի առաջատար բնապահպանների ու կենդանաբանական այգիների ու մասնագիտական կառույցների, դրանց` բարձր հեղինակություն և որակավորում ունեցող առանձին մասնագետների հետ:

Ես սրտանց ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ջանք չեն խնայում, որպեսզի այգին բարեփոխվի, զարգանա, ընթանա առաջ` հասարակությանը ներկայանալով նոր, ավելի բարվոք վիճակում, կազմակերպված ու կոկիկ տեսքով: Սրտանց ողջունում եմ այգու ներկայիս տնօրինությանը` ի դեմս պարոն Ռուբեն Խաչատրյանի: Անձամբ ճանաչում և հարգում եմ նաև այգու մի քանի վաստակաշատ, փորձառու և իրենց գործին նվիրված աշխատակիցների:

Երևանի կենդանաբանական այգու զարգացման ու նորացման ճանապարհին դեռ շատ անելիքներ կան, և միայն խիստ հետևողական ու նվիրյալ աշխատանքով է հնարավոր հասնել բոլոր բարի նպատակների իրականացմանը:

Հուսով եմ, որ այգու կողմից այսօրինակ շնորհակալ ձեռնարկումներն ու միջոցառումները ոչ միայն շարունակական են լինելու, այլև նպաստելու են մեզանում բնապահպանական գիտելիքների զարգացմանն ու ամրապնդմանը, հայ հասարակության մեջ բնության նկատմամբ հոգատար, հարգալից և գրագետ վերաբերմունքի ձևավորմանը, վերաբերմունք, որը, ցավոք, այնքան պակասում է մեզանում:

Հուսով եմ նաև, որ այս հոդվածը իր համեստ նպաստը կունենա Երևանի կենդանաբանական այգու ներկայիս գործունեության լուսաբանման հարցում: Լիահույս եմ, որ մեր բոլորի սիրելի այգին մշտապես մեծ պատասխանատվությամբ ու ինքն իր հանդեպ` խիստ պահանջկոտությամբ կշարունակի իր գործունեությունը, չի շեղվի իր որդեգրած ճանապարհից և կզարգանա ու կնորանա բոլորիս աչքի առջև, բոլորիս ուշադրության ու հոգածության ներքո, ի վերջո` բոլորիս համար: Հասարակությունը նույնպես պետք է լինի հոգատար, պահանջող ու հետևողական, փորձի հնարավորինս աջակցել այգուն` յուրաքանչյուրն իր ունեցած լծակնելով ու հնարավորություններով, որպեսզի կարճ ժամանակում մեր սիրելի այգին, վայրի բնության մեր այս գողտրիկ անկյունը դառնա բոլորիս հպարտությունը և պետության բնապահպանական այցեքարտը` տարածաշրջանում:

Անսպառ եռանդ և հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա ու պարտաճանաչ աշխատանքով իրենց ներբերումն են ունենում այգու զարգացման ու բարեփոխման գործում:

Երևանի կենդանաբանական այգին մեր հասարակության և, հատկապես` դրա բնասեր հատվածի ոչ միայն սիրելի վայրն է, այլև մեր քաղաքում վայրի բնության գիտակրթական օջախներից մեկը` որպես կենդանի, շնչող մի օրգանիզմ: Այդ օրգանիզմի զարկերակի անխախտ աշխատանքը մեր բոլորի պատվի գործն է: Եվ ուրեմն, պարուրենք մեր սիրելի այգին հոգատարությամբ և ուշադրությամբ ու դնենք մեր հոգատար ձեռքը այգու «զարկերակին»` մշտապես զգալով նրա կյանքի ռիթմը:
© Առլեն Շահվերդյան, 18.01.2012

Trackbacks
  • […] Բնապահպանական հարցերն ավելի շատ են սկսել տեղեր զբաղեցնել սոցիալական կայքերում եւ բլոգերում: «ԷկոԼուր»-ը նամակ է ստացել խնդրանքով ուշադրություն դարձնել Առլեն Շահվերդյանի բլոգում տեղադրված Երեւանի կենդանաբանական այգու մասին հոդվածին: Մենք առաջին անգամը չէ, որ լսում ենք բլոգի հեղինակի մասին, ով, չլինելով էկոլոգ, հետաքրքրվում է վայրի բնության պահպանման հարցերով: Բլոգում Առլեն Շահվերդյանը ներկայացնում է իր տպավորությունները կենդանաբանական այգու վերաբերյալ, որը մանուկ հասակից մինչեւ այսօր հեղինակի սիրելի վայրերից է: Նա խոսում է նաեւ խնդիրների մասին: Ցավելով կենդանիների համար` ողջունում է բարեփոխումները, օրինակ` յուրաքանչուր կենդանու համար խնամակալների ինստիտուտի ներդրումը: «…ամռանը Երևանի կենդանաբանական այգում աֆրիկյան առյուծի (Panthera leo) 3 ձագեր էին լույս աշխարհ եկել` 2 էգ (Մարթա և Այրին) և մեկ որձ:  Լևռ անունով արու կորյունը, այսուհետև ոչ սովորական խնամակալ ունի: Վերջինիս անունով այգու հաշվին 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցվել»,- գրում է Շահվերդյանը: Ամբողջական նյութի հետ կարելի է ծանոթանալ Առլեն Շահվերդյանի եւ «ԷկոԼուր»-ի բլոգերում: […]

Comments
Leave a Comment