Գորշ արջի մարդկային պահվածքը

Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի: ՀՀ-ում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը: Գորշ արջերը հիանալի որսորդներ են: Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ: Արջը մեղրի մեծ սիրահար է:

Աշնանն արջը հարկադրված է լինում հոգալ հուսալի ապաստանի (որջ) մասին, որտեղ կկարողանա քնել մինչև գարուն: Դրա համար անհրաժեշտ է, որ աշնանն արջն իր օրգանիզմում բավականաչափ ճարպ կուտակի: Հակառակ դեպքում նա որջում չի փակվի և ամբողջ ձմեռ կթափառի չարացած ու սոված:

Արջի քունը թեթև է, քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի նվազում: Մայր արջը որջում փակվում է նախորդ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին (զուր չեն նրանց դայակներ անվանում): Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Կես կիլոգրամ քաշով ծնված նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս հունվար-փետրվարին:

<Չալ արջը>
(hատված <Անգղների կիրճը> գրքի <Չալ արջը> պատմվածքից, հեղինակ` Սերժ Բաղդասարյան)

<Գարնան գլուխ`մարտ ամիսն էր, կանաչը նոր էր դուրս եկել, ոչխարն ու տավարն առաջս արած բարձրացա գյուղի վերևի հանդը: Շունը հետս էր, խոտն էլ այնքան բարձր չէր, անասունները ցրված էին արածում: Հանկարծ շունը ձորում սկսեց հաչալ: Մարդահաչ չէր, ոնց որ որսի վրա հաչալիս լիներ: Փայտը ձեռիքս իջա ձորը, իջա, տեսա մի արջ, ոտքերը հազիվ քարշ տալով, շաժվում է` 2 քոթոթ էլ հետը, շունն էլ կանգնած հաչում է: Սկզբից զգուշացա, բայց հետո նկատեցի, որ արջը շատ նիհար ա` կաշին ու ոսկորն ա, ու սարսափելի հոտ ա գալիս: Արջը պղտորված աչքերով ինձ ա նայում, իսկ քոթոթները ինձ տեսնելուն պես` վազելով եկան, ընկան ոտքերս: Մարտ ամսին ընդհանրապես քոթոթներն արդեն չաղլիկ են լինում, բայց սրանք երկու կիլոգրան չէին լինի, շատ նրհար էին: Երևում էր աշնանը արջին չլա մտնելուց առաջ վիրավորել են, հավանաբար արդեն վիրավոր, չըլըմը ծնել էր: Էս երկու քոթոթները լավ չէին սնվել:

է, ինչ կաթ ա ունեցել, որ կարգին սնվեին, զոռով յոլա են գնացել, հիմի էլ մերը դուրս ա եկել…. Մի խոսքով ինչ գլուխներդ ցավացնեմ, էս երկու քոթոթներին վեր կալա, եկա տուն: Հա’, հլա դեռ հանդում կովին կթեցի, էս երկու քոթոթին կերակրեցի: Դու տենայիր, թե ոնց էին ուտում. եթե էդ օրը ես դրանց չհանդիպեի` սովամահ կլիներին: Էս քոթոթներին սկսեցինք պահել: Մի երկու օր հետո բարձրացա վերև, տեսնեմ արջը սատկելա: Շատ լավ քոթոթներ դարձան, սկսեցին արագ կազդուրվել, որձի անունը Բեկ դրեցի, իսկ էգին էլ, մի շատ սիրուն քոթոթ էր, վզին սպիտակ նշան ուներ, անունը դրեցինք Չալո: Էս քոթոթները սկսեցին արագ մեծանալ, մեր տունն էլ տեսնում եք, գյուղի ծայրին է, շատ եկող գնացող չկա: Իրենց համար սուսուփուս, աչքից հեռու, ամբողջ օրը բակում խաղ էին անում: Այսպես անցավ ամառը:

Մոտեցավ աշունը: Արջուկներն ամբողջ օրը խաղ էին անում, ընկնում էին հնդուհավերի հետևից, խեղճ թռչունները թռչում-իջնում էին հնդուհավերի ետևից, խեղճ թռչունները թռչում-իջնում էին տան կտուրին, իսկ դեպի կտուր սանդուղք կա, քոթոթները այս սանդուղքով բարձրանում էին կտուր ու երկար ժամանակ խաղում այնտեղ. դա դարձել էր, այսպես ասած, իրենց սիրելի տեղը: Երբ կանչում էինք, իջնում էին: Ու մի հետաքրքիր բան նկատեցինք: Երբ մեր բակը մի որևէ խամ մարդ կամ մեքենա էր գալի, արջերն իրար ետևից վազելով բարձրանում էին տանիքը և թաքնվում ու այնտեղից հետևում:

Արջերն արդեն շատ էին մեծացել, ես էլ էի զգում, որ վտանգավոր են մարդկանց համար, բայց ինչ անեմ, թե տանեմ անտառ, մարդկանց սովորել են, որսորդներին տեսնելիս կմոտենան, նրանք էլ տեղնուտեղը կսպանեն. ու այսպես, մտքերիս ետևից ընկած, չգիտեմ ինչ անեմ:
Գիտեի, որ դեկտեմբերին արջերը քնելու են, որոշեցի տնից մի քիչ հեռու, գոմի անկյունում, հողը փորեմ ու արհեստական չլա սարքեմ:

Փակեցի ցանցով, տարա քոթոթներին գցեցի փոսը, նրանք էլ սովորեցին: Մի քանի ժամանակ այնտեղ մնում էին, խոտ էի լցրել տակները, իրենք էլ վրան պառկում էին, մուտքն էլ ծառերի ճյուղերով ծածել էի, որ չերևան: Մտածեցի, էսպես ձմեռը կանցնի, գարուն կգա, Աստված ողորմած է: Բայց հենց մի քիչ ցրտերն ընկան, արջերն այդ չափառը քանդեցին ու ամեն գիշեր գնում էին անտառ` կեր անում, ցերեկը գալիս մտնում, քնում, այլևս քիչ էին խաղում, զգացվում էր, որ պատրաստվում են ձմեռվա քնին: Արջերին ամեն ինչ սովորեցրել էինք, նրանք նույնիսկ մեզ օգնում էին` ինչ գործ էլ, որ անեինք` հատկապես տխիլի և պոպոքի սեզոնին: Երբ որ տոննաներով հավաքում, պարկերն էինք լցնում` մթերման գրասենյակից պետք է գային տանեին, մարդ ու կին էդ պարկերը բերում էինք, ծածկի տակ դնում, որ անձևի տակ չընկնեն: Տեսնեիք, թե էս քոթոթները ոնց էին մեզ օգնում, էս պարկերը կրում էին ու բերում-դնում էդ ծածկի տակ: Կանգնում ու ծիծաղում էինք>

:

Leave a Comment