Բնապահպանություն հանուն զարգացման

 

Հոկտեմբերի 28-ին եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում կենտրանի աշխատակցուհի Ռ. Մանյանն ու կամավոր Մ. Ալավերդյանը կենտրոնի կամավորներին ու բնապահպանական հարցերով հետաքրքրված այլ երիտասարդների ներկայացրին իրենց միջազգային փորձը: Ռ. Մանյանը կիսեց Բելառուսում “Համագործակցություն բնապահպանություն” միջազգային երիտասարդական-կրթական բնապահպանական ֆորումին ստացած իր տպավորությունները, ներկայացրեց այդ ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ու տեղեկատվությունը կայուն զարգացման ու կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ, պատմեց ԱՊՀ երկրների բնապահպանական համագործակցության շրջանակներում երիտասարդության համատեղ ուժերով շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Կենտրոնի կամավոր, “Եղվարդ” երիտասարդական-բնապահպանական ՀԿ ակտիվիստ Մ. Ալավերդյանն էլ օրերս էր վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել էր “Eco Ambassadors” երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում կազմակերպված Եվրամիության «Երիտասարդները շարժման մեջ»  ծրագրին: Ծրագիրն իր շուրջն է համախմբել երիտասարդների Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Լատվիայից և Հոլանդիայից: Ծրագիրը էկոլոգիայի, վերամշակման և շրջակա միջավայրի աղտոտման հարցերի մասին երիտասարդների իրազեկությունը բարձրացնելու նպատակ է ունեցել: Առաջին երեք օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները այցելել են հատուկ լաբորատորիա՝  ծանոթանալու ջրի մաքրման եղանակներին, շրջել քաղաքում ու լուսանկարների միջոցով փաստեր  հավաքել առկա բնապահպանական խնդիրների մասին: Այնուհետև ուղևորվել են Քոբուլեթի, որտեղ էլ խմբերով քննարկել են նախապես ընտրված բնապահպանական թեմաները, ինչպիսիք են աղբահանությունը, օդի, ջրի և շրջակա միջավայրի աղտոտումը, գլոբալ տաքացումը, դրանց մասին կարծիքներ փոխանակել ու համալրել իրենց գիտելիքները:

Ռուզաննայի և Մանուշակի տպավորիչ ներկայացումները նպաստեցին, որ շրջակա միջավայրի պահպանության հարցերի նկատմամբ էլ ավելի մեծանա Եղվարդի երիտասարդների հետաքրքրությունը:

Leave a Comment