«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

2011թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ Ազգային Ժողովի ընդունած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն` արգելվում է այրել բուսական մնացորդներն ու չոր բուսականությամբ տարածքները, ծղոտները, արոտավայրերը ու խոտհարկերը, գյուղատնտեսական մնացորդները: Այս արգելքի նպատակն է նվազեցնել բուսածածկույթի այրումից առաջացող թունավոր նյութերի արտանետումը մթնոլորտ, ինչպես նաեւ փոքրացնել մեծամաշտաբ հրդեհների բռնկման ռիսկը: Կարող եմ փաստել, որ այս օրենքը, չի գործում: Դրանում համոզվեցի նոյեմբերի 5-ին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ: Երեւանից Լոռի տանող ճանապարհին չկար մի բնակավայր, որտեղից ծուխ չբարձրանար: Մարդիկ այրում են ոչ միայն խոտն ու ծղոտները, այլ նաեւ իրենց կենցաղային աղբը, որովհետեւ շատ բնակավայրերում աղբահանություն չի իրականացվում: Շատ հետաքրքիր է, թե ով է գյուղացուն բացատրելու, որ նա օրենք է խախտում, որ մթնոլորտային օդն է փչացնում, ով է հետեւելու օրենքի կիրառմանը, կամ ով է գյուղերում աղբահանության հարցը լուծելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն ակնկալում եմ ձեզանից` պարոնայք նախարարներ, ասացեք, թե ինչքան սպասենք այն օրվան, որ գյուղեր մտնելուց չխեղդվենք ծխից ու մխից, այլ կարողանանք քաղաքից դուրս մի քիչ մաքուր օդ շնչել:

Leave a Comment