Մի՞թե բնական արհավիրքը սթափեցրեց նախարարին

Մի՞թե բնական արհավիրքը սթափեցրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով այսօր` հոկտեմբերի 24-ին, մեկ ամսից ավելի տեւած խմորումներից հետո որոշեց վերջապես հանդիպել ՀԱԷԿ-ն աշխատացնող մասնագետների հետ եւ խոստանալ բարձրացնել նրանց աշխատավարձը, ճիշտ է, ոչ թե 50-%-ով, այլ 10-15%: Հիշեցնենք, որ ատոմակայանի 158 աշխատակիցներ մեկ ամսից ավելի է` պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը` հակառակ դեպքում խոստանալով հեռանալ աշխատանքից: Իսկ նրանք այն մասնագետներն են առանց որոնց ՀԱԷԿ-ը չի կարող աշխատել, ավելին, նրանց փոխարինող էլ չկա: Խնդրի լուծման վերջնաժամկերը նշանակված էր հոկտեմբերի 21-ը:

Նախարարն այդ ընթացքում ոչ միայն չհանդիպեց դժգոհ մասնագետների հետ, այլ նաեւ, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարեց` թող հեռանան` նշելով, որ մեկ ամսվա ընթացքում կլուծի խնդիրը` նոր անձնակազմ կբերի: Հոկտեմբերի 21-ին մամուլը հեղեղվեց տեղեկատվությամբ, թե ատոմակայանի տնօրենը ստորագրում է դիմումները, թե մասնագետները հեռանում են ատոմակայանից: Միեւնույն ժամանակ ելույթով հանդես եկավ ատոմակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը, ով անչափ կարեւորեց այդ մասնագետների դերը ատոմակայանի աշխատանքում` բերելով մի շարք լուրջ փաստարկներ եւ նշելով, որ առանց այդ մարդկանց ատոմակայանը չի կարող աշխատել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի: Հանրությունը շունչը պահած, նյարդայնացած սպասում էր դեպքերի կուլմինացիային, երբ երեկ` փետրվարի 23-ին, տեղի ունեցավ երկրաշարժ: Հայաստանի գրեթե ողջ տարածքը զգաց այն, մարդիկ խուճապի մեջ էին: Ավելի ուշ պարզվեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայում է` Վան քաղաքից ոչ հեռու: Թուրքիայում գրանցվել է 9-10 բալ ուժգնության երկրաշարժ, որը մեծ ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել, իսկ Հայաստանում`3-5 բալ: Չնայած մասնագետները շտապեցին մարդկանց հանգստացնել` ասելով, թե ատոմակայանը երկրաշարժից վնաս չի կրել, այնուամենայնիվ, մեր հարեւան պետությունը` Թուրքիան, հակառակի մասին պնդեց: Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունը տեղեկատվություն տարածեց, թե երկրաշարժի հետեւանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը, որ աշխատանքներ են տարվում երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել, որը վտանգավոր չափերի չի հասնում և ներկայումս որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց ու շրջակա միջավայրի համար: Ուզում եմ հավատալ, որ մեր մասնագետների տեղեկատվությունն է հավաստի եւ որ ՀԱԷԿ-ն անվնաս է: Բայց մյուս կողմից նաեւ մտածում եմ, որ շատ հնարավոր է, որ նախարարի այսօրվա որոշումը անմիջական կապ ունի բնության այդ արհավիրքի` երկրաշարժի հետ:
Շատ եմ ուզում, որ մենք` հայերս, շատ լավ գիտակցենք, որ մենք ապահովագրված չենք բնական աղետներից, եւ որ պետք է մեր շահն ու ամբիցիաները մի կողմ դնենք հանուն ընդհանուր անվտանգության եւ բարեկեցության: Նաեւ շատ եմ ուզում, որ այս կոնֆլիկտային իրավիճակից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանում ստեղծվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի մեր մասնագետների միտքն ու ուշադրությունը ոչինչ չշեղի իրենց բարդ եւ ազգի անվտանգության համար պատասխանատու աշխատանքից:

Leave a Comment