Կրքերը Թռչկանի շուրջ թեժանում են…

Թռչկանի պահպանության խումբը շարունակում է պայքարել Թռչկանի համար: Րոպեներ առաջ խմբի անդամները զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ներկա պահիս բոլոր տեսակի աշխատանքները դադարեցվել են  ջրվեժի տարածքում: Նրանց միահամուռ պայքարի շնորհիվ այժմ բոլոր գործողությունները դադարեցված են: Ակտիվիստները նշում են, որ արդեն իսկ մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին` մասնավորապես փոխվել է գետի հունը,  մի ամբողջ հողային գրունտ լցված է առանց այդ էլ բարակած առվակի մեջ: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար… Բոլոր հարցերը ուղղվում են Բնապահպանության նախարարություն:

Այժմ ակտիվիստները 15-ն են այնտեղ և մի կարգախոսով.”Մենք չենք պատրաստվում  տարածքը լքել, մինչև հարցը լուծում չստանա…”: Նրանց են միացել Մեծ Պառնի  և Շիրակամուտ գյուղի բնակիչները: Իսկ ահա ՀԷԿ-ի տարածքում աշխատող  բանվորները երեկոյան ժամի  քանդել են գետի մոտ գտնվող ժայռը և տեղափոխել այն:

Ակտիվիստները խմբերով են աշխատում` իրար հերթափոխելով. “Թռչկանը մենակ չի մնա մինչև, որ համոզված չլինենք, որ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում…”

Նշեմ նաև, որ նախապատրաստվում է դիմում-բողոք Միջազգային կազմակերպություններին, որտեղ կնշվի այն բոլոր Կոնվենցիաների խախտման մասին, որոնց տակ Հայաստանի կառավառությունը դրել է իր ստորագրությունը, բայց ակներև է որ չի հետևում դրանց: Ինչպես նաև սպասվում է հանրահավաք կառավարության շենքի դիմաց:

 

Leave a Comment