Ինչո՞ւ կառավարությունը ձեռք չի քաշում Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ կառուցելու մտքից, կամ ո՞վ է կանգնած «Ռոբշին» ընկերության թիկունքում (տեսանյութ)

Կառավարության կողմից բնության հուշարձան ճանաչված Թռչկան ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած բողոքի ալիքը նոր թափ է հավաքել: Ֆեյսբուքցիները գրոհում են վարչապետի ֆեյսբուքյան էջը, հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս ՀԷԿ-ի կառուցման դեմ հայտարարություններով, Բնապահպանության նախարարությունը հանձնարարել է դադարեցնել շինարարական աշխատանքները` ակնկալելով ՀԷԿ-ը կառուցող «Ռոբշին» ընկերությունից խելքին մոտ առաջարկներ, սակայն, իրավիճակը չի փոխվել: Ավելին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ զրույցում ասել է, որ «Աշխատանքներն այնպես են կատարվում, որ ջրվեժին չեն վնասի», այսինքն, ստացվում է, որ մեր «ժողովրդավարական» երկրում ժողովրդի բողոքի ձայնը ընդհանրապես հաշվից դուրս է:Լավ, մի՞թե այլ գետ չկա ՀԷԿ կառուցելու համար: Մի՞թե մեր երկրում էլեկտրաէներգիայի այնպիսի սակավություն կա, որ մենք պետք է ՀԷԿ կառուցենք հենց բնության պահպանվող տարածքում: Չէ որ ամեն հինգշաբթի կառավարության հերթական նիստից հետո www.gov.am-ում կարդում ենք, որ հերթական անգամ փոխվել են հերթական հողերի կատեգորիաները` հերթական փոքր ՀԷԿ-երը կառուցելու համար: Ո՞վ է կանգնած «Ռոբշին» ընկերության թիկունքում, որը, ոչ միայն առաջարկություններ չի ներկայացրել Բնապահպանության նախարարությանը, այլեւ շարունակում է իր գործը:

Leave a Comment