7 տարեկան երեխայի մազերի միջից սնդիկ են հայտնաբերել…

Լեռնաձոր գյուղ կատարած այցի ժամանակմի կին պատմեց.«Իմ թոռնիկներից մեկի մազերի մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել: Ի՞նչ անենք դրա հետ, ու՞մ դիմենք»: Այս ցնցող հարցը տալիս է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակչուհի Աիդա Ղուկասյանը: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձորում եւ Քաջարանում ապրող 12 երեխաների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել: Այս էկոլոգիական աղտոտվածության աղբյուրը կասկած չի հարուցում: Լեռնաձորը Քաջարանից բաժանում է ընդամենը 2-3 կմ:

Քաջարանը կառուցված է հենց Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վրա: Հանքավայրը աշխարհի ամենախոշոր հանքավայրերից է, այն շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Հանքը, որտեղ հանքանյութն արդյունահանում են բաց եղանակով, պայթեցնելով տարածքները, նույնպես գտնվում է քաղաքի տարածքում: Քաջարանի վերեւով` Լեռնաձորի եւ կիրճի միջով, ձգվում է 36 կիլոմետրանոց պոչատար խողովակը, որով ԶՊՄԿ-ի պոչերը լցվում են Արծվանիկի պոչամբար: Պոչատարը հին է եւ կապիտալ վերանորոգում է պահանջում: ԶՊՄԿ-ն 2010թ. ավելացրել է արտադրության ծավալները մինչեւ 15 միլիոն տոննա (մինչ սեփականաշնորհումը` 2004թ., այդ ծավալը կազմում էր 7-8 միլիոն տոննա) եւ մտադիր է 2011թ. այդ թիվը հասցնել մինչեւ 18 միլիոնի: Պոչատարն ուղղակի չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը: Վթարների ժամանակ պարունակությունը լցվում է եւ ձոր, եւ գետ, եւ համայնքի հողերի վրա:

Leave a Comment