ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:

Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:

Սեւանա լճի ճահճացման պատճառները

1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:

Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: (Նման սահմանափակում գործում էր նաեւ Խորհրդային Հայաստանի օրենսդրությամբ):            ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի մակարդակը (2008 թ. նոյեմբեր) եղել է բ.ծ.մ 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա անտառներ կհայտնվեն ջրի տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճի մակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատման աշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակ: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի տվյալներով`եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից: Հարկ է նշել, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀ դատախազությունը քրեական գործ էր հարուցել:

2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:

ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովի մակարդակից բարձր մինչեւ 1905մ Սեւանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967 բնակելի շինություններ:  Այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքի կադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ը անօրինական կերպով են կառուցվել: Ապօրինի շինությունների համար պետությունը որեւէ փոխհատուցում չի նախատեսում:   Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդային տարիներին Սեւանա լճի մակարդակը իջեցնում էին` պատճառաբանելով, որ մեծ քանակությամբ ջուր է անիմաստ գոլորշիանում: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճի մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները:
Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալված հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմ ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ու կայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:

Սեւանա լճի ձկնապաշարների վիճակը

«Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակ ամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակը մենք ունենք այսօր»: Այսպես է բնորոշում Սեւանում ձկնապաշարների վիճակը ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստ Բարդուխ Գաբրիելյանի, եթե 1990-ական թվականներին Սեւանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա:         Շատ կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգի վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա չի համապատասխանում իրականությանը:
Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը: Սեւանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են համաշխարհային կենսաբազմազանության համար, իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` ի հաշիվ արհեստական վերարտադրության:                                           Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ չէ. արդյունագործական պաշարներ գոյություն չունեն:                                                               Խեցգետնինը եւ կարասը  ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին եւ սկսել են արագ բազմանալ: Ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազել են նաեւ կարասի պաշարները,  որոնք քիչ թե շատ լավ վիճակում էին:                                                   Մինչեւ վերջերս ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը կարասը Սեւանի համար դիտում էր որպես անցանկալի ձկնատեսակ, քանի որ նա տեղի աբորիգեն տեսակների համար մրցակից էր բազմացման և կերային առումներով: Սակայն այս վերջին տարիներին գիտնականները փոխել են իրենց վերաբերմունքը, քանի որ կարասը մնացել է միակ ձկնատեսակը, որը լճում ուտիլիզացնում է  օրգանական նյութը:                                                                                                                                 ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ՀՀ բնապահպանության նախարարությանը 8 առաջարկ է ուղարկել Սեւանի կենսառեսուրսների պահպանման, ջրի որակի բարելավման, ձկնորսության արգելման վերաբերյալ: Սակայն ստույգ քայլեր այս ուղղությամբ նախարարությունը չի ձեռնարկում: Ավելին, նախարարությունն առաջարկել է կառավարությանը 2010թ. տարի մանրաձուկ բաց չթողնել Սեւան եւ մանրաձկների համար նախատեսված գումարով վճարել Սեւանա լճի ափերի մաքրման համար ձեռք բերված սարքի համար չբավականացրած վճարի պակասորդը: Մյուս կողմից էլ Սեւանում շարունակվում է ձկնագողությունը:
Կար եւս մեկ հանգամանք, որը խոչընդոտում էր  ձկների վերարտադրողականության բարձրացմանը: Դա Սեւան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր: Սեւանա լիճ լցվող գետերից Այրքի, Ավազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիա էր տրվել: Նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաեւ խոչընդոտում ձկների անցմանը, որոնք ձվադրման համար Սեւանից բարձրանում են դեպի գետի ակունք։ Սեւանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց արգելել Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Հանքարդյունաբերության ազդեցությունը Սեւանա լճի վրա

Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցից կանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին:  Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը:             2007թ. Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան ձեռք բերեց «GeoProMining» միջազգային ընկերությունը, որը 2008թ. ամռանից սկսեց բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ՀՀ իշխանությունների հետ քննարկել Սոտքի հանքավայրի կողքին ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու հարցը: Սակայն ընկերության այս առաջարկը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ Սեւանի ավազանում վերամշակող ձեռնարկության եւ գործարանի թափոնների համար պոչամբարի կառուցումը մեծապես կվտանգեր Սեւանի գոյությունը:                                                                    Դեռեւս 1985-86թթ. Սեւանում սիգը զանգվածաբար սատկում էր: Ձուկը փորով վերեւ էր բարձրանում, փոխվել էր, նիհարել, համն էլ էր փոխվել։ Պատճառը Սոտքի հանքավայրում հետախուզման ժամանակ ուղղահայաց եւ հորիզոնական հանքախորշերի հողաշեղջի մի մեծ կտորն էր, որը պոկվել, ընկել էր Սեւանա լիճ լցվող Մասրիկ գետի մեջ։ Ծանր մետաղներով թունավորումը մեծ Սեւանից սկսվեց, որովհետեւ այնտեղ ծանծաղ է, եւ փոքր Սեւանով ավարտվեց։ Երկու տարի լիճը թունավոր էր, հետո մի կերպ կարողացավ ինքնամաքրվել։
Եթե հանքամշակումից, փորվածքից հանված հողաշեղջի հայտնվելը գետում նման աղետալի հետեւանք է ունեցել, ապա թերեւս ավելորդ է բացատրել, թե ինչ հետեւանքներ կլինեին Սոտքի տարածքում անհամեմատ ավելի մեծաքանակ ու վտանգավոր թունավոր նյութեր պարունակող պոչամբարի չբացառված վթարի դեպքում։
Սեւանը պաշտպանելու համար էկոլոգիական հասարակական դաշինքում ստեղծվեց  S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը, որը դիմեց ՀՀ նախագահին` խնդրելով արգելել գործարանի կառուցումը Սոտքի հանքավայրի հարեւանությամբ:                           Բնապահպանները անհանգստանում էին, որ գործարանի եւ պոչամբարի կառուցումը Սեւանի համար կնշանակի 100 միլիոն տոննա ապարային թափոնակույտ, պոչամբար` թունավորված ցիանային միացություններով, ծանր եւ տոքսիկ մետաղներով, մկնդեղով, անտիմոնով, պիրիտով եւ այլն: Թափանցելով ստորգետնյա ջրերի մեջ` այդ բոլորը կներթափանցեին Սեւանի ջրահավաք ավազան, ապա կթափանցեին Սեւանա լիճ` լճում անփոփոխ մնալով միլիոնավոր տարիներ:
Հայտնի փաստ է, որ ծանր մետաղները, կուտակվելով կենդանի օրգանիզմներում, առաջացնում են բազմաթիվ արատներ, վնասում են իմունային եւ վերարտադրողական համակարգերը:
Բացի դա, ոչ ոք չէր կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից, ինչպես նաեւ անվերահսկելի արտաքին գործոններից, ինչպիսիք են ահաբեկչական եւ ռազմական գործողությունները՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Սոտքը սահմանամերձ տարածք է:
2009թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
կտրականապես արգելեց գործարանի կառուցումը Սոտքում` հայտարարելով. «Սևանը հիվանդ է, եւ պետք է բուժել նրան: Մենք պարտք ենք Սեւանին, եւ եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը»:  Այս որոշումից հետո «GeoProMining» ընկերությունը սկսեց Սոտքի անխնա շահագործումը, անընդմեջ հանքավայրում նոր հանքեր էին բացվում` մեծացնելով հանքանյութի արդյունահանման ծավալները: Նշենք, որ 2010թ. նոյեմբերի սկզբին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «GeoProMining» ընկերությունը այս տարիների ընթացքում աշխատել է խոշոր խախտումներով, առանց ՀՀ բնապահպանության նախարարության լիցենզիայի, եւ երեք տարիների ընթացքում ոչ մի կոպեկ հարկ չի վճարել պետությանը: Իշխան Զաքարյանը ՀՀ կառավարությանն առաջարկեց լիցենզիայից զրկել ընկերությանը: Իշխանություները ընկերությանը ոչ միայն չզրկեցին լիցենզիայից, այլեւ թույլ տվեցին հանքավայրի մոտ տեղադրել հանքանյութի մանրացման-տեսակավորման սարքավորում եւ տեղում արտադրական գործընթաց կազմակերպել, ինչն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով

Մյուս հանքավայրը, որը նույնպես վտանգավոր է, «Գեգամետ» ընկերության կողմից շահագործվող Շորժայի եւ Ջիլի դունիտ-պերիդոտիտների եւ քրոմաքարի հանքավայրն է:
2008թ. նոյեմբերին «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն հայտարարեց, որ մտադիր է Շորժայում կառուցել վերամշակման գործարան եւ նախագծում է ներդնել 25 միլիոն դոլլար: 2008թ. դեկտեմբերին` Սեւանում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում, ի պատասխան հասարակական կազմակերպությունների հարցմանը, բնապահպանության նախարարությունը հայտնեց, որ օրենքն արգելում է նմանատիպ գործունեություն Սեւանի ավազանում: 2009թ. փետրվարին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն լուսանկարներ եւ տեղեկատվություն տրամադրեց հանրությանը, որ Շորժա գյուղի կողքին ակտիվորեն կատարվում է քրոմ պարունակող հումքի բաց վերամշակում, որի փոշին քամին տարածում է Սեւանա լճի վրա: Նախարարությունը խոստացավ տեսուչներ ուղարկել: Սակայն ստուգման եզրակացություններն անհայտ մնացին:
2010թ. մարտին ընկերության ձեռնարկության մեկ մասնաշենքն արդեն կառուցված էր, եւ տեղի էր ունենում հանքանյութի բաց եղանակով վերամշակում:
Ընկերությունը վստահեցնում է, որ իրենց գործունեությունը բնապահպանական տեսանկյունից անվտանգ է: Ձեռնարկությունը թափոն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացված մասը ձեռնարկատերերը մտադիր են շաղ տալ Սեւանի ափերին` որպես յուրահատուկ ֆիլտր: Բնապահպանները պնդում են, որ`

  • «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութի վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում, ինչն ուղղակիորեն վերաբերվում է տվյալ ձեռնարկությանը, քանի որ մանրացումը եւ գրավիտացիոն բաժանումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս են կազմում
  • ապարի մի մասը, որը ընկերությունը Սեւանի համար «էկոլոգիական ֆիլտր» է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սեւանի ջրահավաք ավազանի համար, քանի որ այն արդյունահանվել է բնական էկոհամակարգից, մանրացվել է տեսակավորման գործընթացում, պարունակում է ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ, ըստ էության,  թափոն է
  • հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է :

Չնայած այս փաստարկներին, գործարանը շարունակում է իր գործը, իսկ իշխանությունները ոչ մի լուրջ քայլ, ընկերությանը կանգնեցնելու ուղղությամբ, չեն կատարում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով` Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Լճի հաշվին մարդկանց մի խումբ օրվա հացի խնդիր է լուծում` իրենց վտանգելով անօրինական ձկնորսությամբ զբաղվելով, մարդկանց մյուս խումբն էլ լիճն ապականելով իրենց գրպաններն են լցնում: ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: Լճի մակարդակի բարձրացումը վնասում է հենց կառավարող մարմինների ղեկավարների` լճի ափերին ապօրինաբար կառուցված առանձնատներին, եւ դժվար է ստիպել բարձրակշիռ պարոններին առանց փոխհատուցման քանդել միլոնների հաշվին կառուցած առնձնատները: Մյուս կողմից էլ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկար համարվող հանքարդյունաբերությունն է Սեւանի հանդեպ իր սեւ գործն անում` թունավորելով լիճը: Երրորդ գործոնն էլ ղեկավարների վատ աշխատանքն է կամ աշխատելու ցանկության բացակայությունը, քանի որ լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճացմանը: Ժամանակին ՀՀ իշխանություններին ՀԿ-ներն առաջարկեցին, որպեսզի ափերի մաքրմանը եւ ծառահատումներին մասնակցեն մոտակա համայնքների բնակիչները, որոնց որպես փոխհատուցում կտրվեր կտրված ծառերի փայտը: Սակայն այդ առաջարկը մերժվեց: Փոխարենն այսօր ՀՀ կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ  հատկացրեց  լճի մեջ մնացած բուսականությունն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար:
Մեր համոզմամբ` մինչեւ բոլորը` ե՛ւ ՀՀ իշխանությունները, ե՛ւ ՀՀ քաղաքացիները, չհասկանան Սեւանա լճի նշանակությունն ու կարեւորությունը, չգիտակցեն, որ Սեւանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում, եւ որ պետք է հոգ տանել նրա մասին եւ չկեղտոտել, Սեւանը չի «բուժվի»:

Trackbacks Comments
Leave a Comment