Ջուրը հողագործների՞ն, թե՞ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ նախագահին ուղղված 955 մեղրեցիների ստորագրությամբ նամակը: Ըստ նամակի հեղինակների`  Մեղրի գետից ոռոգման ջրագիծ  է կառուցվելու, որը պետք է ջրով ապահովի  Ագարակ քաղաքին, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերին: Մեղրեցիները դիմել են ՀՀ նախագահին` կասեցնելու այդ ծրագիրը, քանի որ այն կարող է հանգեցնել շոգ եղանակով հայտնի Մեղրիի ջրազրկմանը: Բնապահպանները մտավախություն ունեն, որ այս ծրագրի թաքուն նպատակը հիմնականում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին ջրով ապահովելն է, իսկ մյուս համայնքներին ջրով ապահովելն ուղղակի պատրվակ է: Այս ֆոնի վրա հատկանշական է «Սյունաց երկիր» թերթի տրամադրած այն տեղեկատվությունը, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոմբինատի ղեկավարությունը տեղեկացրել է, որ   ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թվականին տարեկան 2.7մլն տոննայից հասցնել 3.5մլն տոննայի: Այդ նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում եւ հարստացուցիչ ֆաբրիկայի՝  նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որոնք կավարտվեն այս տարեվերջին: Հատկանշական է, որ մամուլում վարչապետի այցի մասին պատմող որեւէ հոդվածում ոչ մի տող չկա այն մասին, որ վարչապետը հանդիպել է իրենց ջրի հարցով մտահոգ մեղրեցիների հետ: Ավելին, նամակի հրապարակումից հետո հետեւեց Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի հարցազրույցների շարքը, որոնցից մեկում նա ասաց, որ նամակի հեղինակները մարդկանց թյուրիմացության մեջ են դրել, միակողմանի ու ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերվել: Նա նաեւ նշել է այս ծրագրի իրագործման անհրաժեշտության մասին եւ վստահեցրել, որ մեղրեցիները ոչ մի կերպ չեն տուժի:

Իսկ մեզ մնում է սպասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, իսկապե՞ս ջուրը բաժին կհասնի հողագործներին, եւ ոչ մի համայնք ջրի սակավությունից չի բողոքի, թե՞ այն ի վերջո կօգտագործվի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի` տարեկան 3,7 միլիոն տոննա հանքաքարի վերամշակման համար:

 Լուսանկարը` Կարեն Ափրոյանի

Leave a Comment