“Բա իրա մաման ու՞ր ա”

Հուլիսյան շոգ մի երեկո զբոսնում էինք Հաղթանակի զբոսայգում: Լճում լողում էին սիրահար զույգերի նավակներն ու մի միայնակ սպիտակ կարապ: Նա մոտեցավ մեզ, երեւի կեր էր ակնկալում: Ցավոք, մեզ հետ ոչինչ չունեինք նրա համար: Հասկանալով դա` կարապը շրջվեց եւ դանդաղորեն սկսեց հեռանալ ափից: Այդ ընթացքում մեր թիկունքում 3-4 տարեկան մի փոքրիկ աղջիկ էր զբոսնում իր մորեղբոր հետ: Մորեղբայրը  ցույց տվեց նրան կարապին, որպեսզի երեխայի ուշադրությունը գրավի կարապը եւ նա իր մայրիկին չուզի: Սակայն փոքրիկը, տեսնելով կարապին, սրտնեղած հարցրեց. “Բա իրա մաման ու՞ր ա”: Մորեղբայրը հարմար պատասխան չէր գտնում, չէ որ երեխային դժվար է բացատրել, որ կարապը մայր չունի, որովհետեւ նրան բաժանել են  իր մորից, ընտանիքից: Եւ նա ստիպված է միայնակ լողալ լճում, որպեսզի ուրախացնի մարդկանց:

Ինչ լավ կլիներ, որ շատ մեծահասակներ էլ այդ փոքրիկի նման մտածեին, եւ կենդանիներին իրենց մայրերից ու բնօրրանից

չբաժանեին:

Leave a Comment