Արագիլների հայրենիքը

 Վայոց Ձորի ճանապարհին կա մի գյուղ, կոչվում է Սուրենավան, այստեղ ամեն քայլափոխի ամեն մի էլեկտրական սյան ձողերի վրա կարող ես հանդիպել արագիլների բների: Նրանք միշտ մի ոտքի վրա կանգնած են և գրեթե երբեք չեն հոգնում…

Այս  արագիլներին  հանդիպեցինք Եղեգնաձոր-Վայք տանող Ճանապարհին, միանգամից չորս հատ մեկ բնի մեջ:

Ահա, թե ինչ է գրում  “Հայկական հանրագիտարանը”.

“Սրանք արագիլանմանների կարգի արագիլների ընտանիքի թռչուններ են: Հայտնի է 18 տեսակ: Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում: Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները:

Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ: Սպիտակ արագիլը տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: ”

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Բնադրող-չվող է: Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում:

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին:Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով:

Արագիլը բույն է հյուսում,և հյուսում է և երգում…

Թեհմինե Ենոքյան

Leave a Comment