Ճանապարհորդություն Դեպի Թեղուտ

Լոռվա գեղեցիկ բնության մասին ես շատ էի լսել, բայց մի բան է լսել, մեկ այլ բան տեսնել… Թումանյանական հեքիաթները, պոեմները երևակայական պատկերներ էին ստեղծում իմ մանկության տարիներին:

Լոռվա բնությունը  կախարդեց ինձ հենց առաջին իսկ պահից: Ամպերի մեջ ծածկված լեռները ստեղծում էին խորհրդավոր պատկերներ, երբեմն էլ խորը թախիծ արթնացնում հոգուտ խորքում: Հիշում ես Թումանյանի  “Անուշը”, “Մի կաթիլ մեղրը” հեքիաթները, քառյակները և ակամայից սկսում բոլորովին այլ կերպ գնահատել և հասկանալ նրա ամեն մի բառը,  ամեն մի հնչյունը…. Մերթընդմերթ մանկությանդ հուշերին ավելանում են թռչյունների ծլվլոցը, կանաչ անտառները, և վաղեմի հեքիաթը դառնում է իրականություն:

Ճանապարհին մենք կանգ առանք հայտնի Ապարանի ճանապարհին հաց առնելու: Հացի համար հերթեր եղել են  մոտ 20 տարի առաջ, իսկ նման դեպքն 21-րդ դարում ինձ զարմացրեց: Սուպերմարկետի հենց մուտքի մոտ` գետնի մեջ, փորված են երկու մեծ թոնիրներ, իսկ կրակը մեջը վառվում է, ինչպես որ մեր հայրենի գյուղում` Գնդեվազում: Մարդիկ շարքերով իրենց հացին էին սպասում, իսկ թխողներն ուղղակի չէին հասցնում սպասարկել:

Ուտելուց հետո ես հասկանում թոնրի հացի համը: Նման համեղ  հաց ես դեռ չէի կերել: Սակայն սա Լոռվա ճանապարհորդության միակ հրաշքը չէր: Մենք եղանք Ալավերդիում, Վանաձորում, Շնողում և վերջապես Թեղուտում:

Հիացած անտառների գեղեցկությամբ` ինձ թվում էր` ես դրախտ եմ ընկել: Անսահման և անծայրածիր կանաչ անտառներ: Նման թավշյա կանաչ երևի թե չկա ոչ մի տեղ: Այս հրաշքը միանգամից աչք է շոյում և հետո իմի բերելով այցելությանդ նպատակը` հասկանում ես, որ մարդկային դաժանությունը սահմաններ չունի: Այս ամբողջ անտառները պետք է ոչնչանան հանուն  հողի տակի պղնձի պաշարների:  Ու ինքդ քեզ հարց ես տալիս. Ու’ր է կորել մարդկային խիղճը: Այս անտարբեր փիսոյի հայացքը ստիպում է մտածել, որ անզոր ես երբեմն  փոխել այն , ինչն արդեն որոշված է “վերից”…

Յուրաքանչյուր ծառ դա կենդանի օրգանիզմ է և չկա բնության մեջ մի բան որ ավելորդ լինի կամ անօգտակար: Բնությունը ինքնին փոխկապակցված մի ընդհանրություն է և յուրաքանչուր անգամ մարդու դաժան վերաբերմունքից այն վտանգի տակ է դնում ոչ միայն այդ տարածքում բնակվող  մարդկանց առողջությունը, այլ նաև հասկանում ես, որ Երկիր մոլորակի վրայից  անհետանում է ևս մի կանաչ մասնիկ  և ինչն ավելի սարսափելի է, անհետանում է անվերադարձ…

 

 

Comments
Leave a Comment